Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի հետ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով ֆրանսիական տարբեր քաղաքների հետ հաստատված ապակենտրոնացված համագործակցությանը՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործընկեր քաղաքների ունեցած փորձն ու այն կիրառելու հնարավորությունը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը նկատել է, որ նման փոխայցելությունները լավ հնարավորություն են՝ խորացնելու երկկողմ հարաբերություններն ու ավելի հստակ պատկերացում կազմելու փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիական քաղաքների հետ գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեն իր հերթին նշել է, որ Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել Հայաստանում ու Երևանում իրականացվող բարեփոխումների օրակարգին։