Արմավիրի մարզի փաստաբանները հայտարարություն են տարածել Կառավարության մշակած նախագծերի վերաբերյալ:
«Հայտնում ենք մեր վրդովմունքը ««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հետ կապված ՀՀ կառավարության անխոհեմ և անարդար նախաձեռնության դեմ, որը, հատկապես առաջին հերթին վտանգում է մեր անկախությունը և ճնշում գործադրում մեր անկախ գործունեությանը՝ մեզ՝ փաստաբաններիս պահելով մշտական անիմաստ կախվածության մեջ:
Բնականաբար միանում ենք Փաստաբանների պալատի արտահայտած դիրքորոշումներին և մեր գործընկերների արդարացի դժգոհությանը և չենք թաքցնում, որ անզիջում պայքարելու ենք օրենքով չարգելված միջոցներով և չենք դադարելու մեր ձայնը բարձրացնել կառավարության կողմից ցանկացած անարդարացի նախաձեռնությունների դեմ»,- ասված է հայտարարության մեջ:
Կառավարության ներկայացրած «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ առանձին իրենց դժգոհություն են հայտնել Կոտայքի մարզի փաստաբաններն ու Լոռվա մարզի փաստաբանները:
Հիշեցնենք, որ նախագծերով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ: ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով և այդ գումարներն ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը:
Իրավաբան.net