Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքը ընդունվել է ազգային ժողովի կողմից 1999թ.-ի փետրվարի 1-ին: Այն կարգավորում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի պետական կարգավորման, միջուկային տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության, իոնացնող ճառագայթումից պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանության, միջուկային վնասի, դրա փոխհատուցման և ատոմային էներգիայի օգտագործման հետ կապված այլ հարաբերություններ` անձնակազմի, բնակչության, շրջակա միջավայրի և Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և պետական կառավարման մարմինները ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորման գործընթացում` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի իրավական ակտերը մշակելիս և ընդունելիս ապահովում են դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով ճանաչում և կիրառում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության ստանդարտները:
Օրենքով կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով կարող են կիրառել օտարերկրյա պետությունների` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի կարգավորող և իրավասու մարմինների տված սերտիֆիկատները, հավաստագրերը:
Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին Հայաստանի Հանրապետության օրենքից և այլ օրենքներից, ինչպես նաև իրավական այլ ակտերից: