Մաքսային ծառայողն իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք:
Մաքսային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և տրանսպորտային այլ միջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, եթե նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների:
Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները մաքսային ծառայողը պետք է հասցնի նվազագույնի: Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման դեպքում մաքսային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին մաքսային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին: