Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված պաշտոններ զբաղեցնող մաքսային ծառայողներին ծառայողական պարտականություններ կատարելիս իրավունք է տրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրելու, պահելու և օգտագործելու զենք:Զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային ծառայողներն իրավունք ունեն դա գործադրել`
1) իրենց և (կամ) այլ անձանց վրա կատարված հարձակումը կանխելու համար, կամ եթե առկա է նրանց կյանքին կամ առողջությանն սպառնացող իրական վտանգ.
2) զենքի կամ հատուկ միջոցների հափշտակման փորձը կանխելու համար:
Մինչև զենքի գործադրումը մաքսային ծառայողը պետք է կատարի նախազգուշական կրակոց, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Արգելվում է զենքի գործադրումը հղիության կամ հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և մաքսային ծառայողի կյանքին և առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի: