Հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ են համարվում այն անձինք, ովքեր կազմակերպում են հուղարկավորությունը` կամավորության սկզբունքով:
Մահացածի հարազատների, ազգականների և այլ անձանց կողմից հուղարկավորության կազմակերպումից հրաժարվելու կամ դրանց բացակայության դեպքում այն ստանձնում է քաղաքացու մահվան վերջին մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:
Ընդ որում, հուղարկավորության կազմակերպումը ստանձնողներ չունեցող մահացած քաղաքացիների հուղարկավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը պարզելուց և նրա մահվան հանգամանքները արձանագրելուց հետո` եռօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից մահացածի անձը չպարզելու դեպքում հուղարկավորությունը կազմակերպվում է նշված մարմինների համաձայնությամբ այդ դեպքերի համար քաղաքացիական գերեզմանատներում նախատեսված տեղերում:
Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է համայնքին, ապա հուղարկավորության կազմակերպման համար համայնքի ղեկավարի կողմից մատուցված պարտադիր ծառայությունների հետ կապված ծախսերը կարող են փոխհատուցվել նաև այդ գույքի իրացումից ստացված գումարի հաշվին` համապատասխան գումարը վերադարձնելով պետական բյուջե:
Եթե մահացած քաղաքացու գույքը ժառանգման իրավունքով անցել է նրա ժառանգներին, իսկ հուղարկավորությունն իրականացվել է համապատասխան համայնքի ղեկավարի կողմից, ապա վերջինս օրենքով սահմանված կարգով իրավունք ունի ժառանգական զանգվածն ընդունած ժառանգներից պահանջելու իր կատարած ծախսերի փոխհատուցումը: