Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության և պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունները բխում են 1949 թվականի օգոստոսի 12-ի` «Գործող բանակներում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման մասին», «Ծովում զինված ուժերի կողմից վիրավորների, հիվանդների և նավաբեկյալների վիճակի բարելավման մասին», «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին», «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» ժնևյան կոնվենցիաներից, նշված կոնվենցիաներին կից 1977 թվականի հունիսի 8-ի` «Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» լրացուցիչ արձանագրությունից, 1977 թվականի հունիսի 8-ի` «Միջազգային բնույթ չկրող զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին» կից լրացուցիչ արձանագրությունից, ինչպես նաև 1965 թվականի` Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 20-րդ միջազգային կոնֆերանսի ընդունած «Ազգային ընկերությունների կողմից Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանների գործածության մասին» կանոններից` 1991 թվականի փոփոխություններով և լրացումներով հանդերձ:
Կարմիր խաչի խորհրդանշանը սպիտակ ֆոնի վրա պատկերված խաչ է, որը կազմված է ուղիղ անկյան տակ հատվող և ֆոնի եզրին չհասնող միևնույն հաստության և միևնույն երկարության հորիզոնական և ուղղահայաց կարմիր գծերից:
Կարմիր մահիկի խորհրդանշանը սպիտակ ֆոնի վրա պատկերված կարմիր մահիկ է, որի ձևն ու ուղղվածությունն ազատ են, և որի ծայրերը չեն շոշափում ֆոնի եզրերը:
Կարմիր խաչի և Կարմիր մահիկի խորհրդանշանները կարող են օգտագործվել որպես տարբերակիչ կամ պաշտպանիչ նշաններ: