Հայաստանի Հանրապետության օրենքը Ավիացիայի մասին ընդունվել է 2007 թվականի փետրվարի 22-ին: Այն ուղղված է օդանավերի թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովմանը, օդային փոխադրումներով հասարակական պահանջների բավարարմանը, ավիացիոն աշխատանքների, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շրջակա միջավայրի անվտանգության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովմանը, պետության շահերի պահպանմանը:
Այն կարգավորում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և ավիացիայի բնագավառի գործունեության իրավական հիմքերը, ծառայություններին և ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջները, վերահսկողության մեխանիզմները և բնագավառի իրավական կարգավորման սկզբունքները:
Ավիացիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, ցամաքային ու ջրային տարածքներում, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածքներում իրականացվում է ՀՀ Ավիացիայի մասին օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:
Ավիացիոն գործունեություն է համարվում ավիացիայի զարգացմանն ու աջակցմանը, հասարակական պահանջների բավարարմանը օդային փոխադրումների, ավիացիոն աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամանակ, ինչպես նաև օդանավակայանների ստեղծմանը և շահագործմանն ուղղված՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կազմակերպչական, արտադրական, գիտական և այլ գործունեությունը:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս օրենքի դրույթները Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի վրա տարածվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում տվյալ պահին օդանավի գտնվելու երկրի օրենքներին: