«Եթե մի քիչ նամուս ունենան, վաղը ևեթ այս գործը կկարճեն»․ Վահագն Վերմիշյան

Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ նոյեմբերի 3-ին, տեղի է ունեցել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ Վահագն Վերմիշյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում պատասխանողի ներկայացուցիչ Արմեն Մելքումյանը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել։ Ներկայացուցիչները իրենց վստահորդին 2-րդ անգամ էին տեսնում, առաջինը նույնպես նիստերի դահլիճում է եղել։ 

Քրեակատարողական հիմնարկում չեն թույլատրել այցելել Վահագն Վերմիշյանին, քանի որ փաստաբանները չեն ունեցել իրենց վստահորդին տեսակցելու՝ քրեական գործով նախագահող դատավոր Սերգեյ Մարաբյանի թույլտվությունը։ Մելքումյանի խոսքով՝ դիմել են դատավորի աշխատակազմ, սակայն վերջինս արձակուրդում է եղել և միայն երեկ, նոյեմբերի 2-ին են ստացել նրա թույլտվությունը․ «Վերջնական դիրքորոշում հայտնելու համար մեզ պետք է հանդիպել մեր վստահորդի հետ, տեսակցել նրա, որոշակի տեղեկատվություն ստանալ, ճշգրտել, այնուհետև հայտնել դիրքորոշումը։ Ֆիզիկապես մենք հնարավորություն չենք ունեցել տեսակցել»։

Բացի այդ, փաստաբանները չեն հասցրել այլ երկրներից գույքի օրինականությունը հավաստող փաստաթղթեր ստանալ։

Վահագն Վերմիշյանն իր հերթին նշեց, որ գործի մասին մտածելու շատ ժամանակ է ունեցել և հետևության է եկել․ արտերկրում աշխատած, գումար վաստակած և այդ գումարը ՀՀ-ում ներդնել ցանկացող անձանց վերաբերյալ նման գործեր քննելն անվտանգային լուրջ խնդիր է ստեղծում Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ հայկական սփյուռքը մեծ ներուժ ունի, որի մասին են վկայում նաև վերլծությունները։ Ըստ Վահագն Վերմիշյանի՝ պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի սփյուռքի գումարները հոսեն հայրենիք։

«Այդ օրենքը, որի հիման վրա հարգելի դատախազությունն առանց որևէ ջանքեր գործադրելու գործ է հարուցում, դա, իմ կարծիքով, դեմ է ՀՀ շահերին։ Դա թուրքերի երազանքն է։ Թուրքերը միշտ 2 բանից են վախեցել. հայկական սփյուռքի ներուժից, որը ներկայանում էր Հայաստանի համահայկական հիմնադրամի տեսքով և այն պայմաններից, որոնք ՀՀ-ն կարող էր ստեղծել սփյուռքի ներուժը ներգրավելու համար։ Այսօր համահայկական հիմնադրամը ոչնչացվել է»,-նշեց Վերմիշյանը, որի խոսքը ընդհատեց դատավորը։

Կարապետ Բադալյանը հորդորեց պատասխանողին դատարանում քաղաքական հարցերի չանդրադառնալ, խոսել ըստ էության․ «Դատական նիստը շարունակելու կամ չշարունակելու հարցն է քննարկվում»։

Վերմիշյանը դատավորին հորդորեց չվրդովվել, քանի որ ինքը «ճիշտ բաներ» է ասում։ Նա շարունակեց․ «Նման գործերն ուղղված են ՀՀ-ի հիմքերի խարխլմանը և համարում եմ, որ այս գործը փակել է պետք․ ինչքան շուտ, այնքան լավ։ Հակառակ դեպքում այս գործում ներգրավված բոլոր անձինք, որոշ ժամանակ հետո համապատասխան պատիժ են ստանալու»։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նաիրա Արտաշեսյանը դատարանում հայտնեց, որ դեմ է նիստը հետաձգելուն։ Նախագահող դատավորը, անդրադառնալով փաստաթղթերի հավաքագրման հիմքով նիստը հետաձգելուն՝ նշեց, որ դեռևս վաղաժամ է դրանց մասին խոսելը․ «Դատարանը դեռ չի որոշել, թե ինչ փաստեր են ենթակա ապացուցման, ով պետք է կրի այդ փաստերի ապացուցման պարտականությունը, որպեսզի պարզ լինի՝ ինչ ապացույցներ են դրանք, վերաբերելի են գործին, թե ոչ։ Արդյոք անհրաժեշտ է դրանց ձեռբերման համար ժամանակ տրամադրել, թե անհրաժեշտ չէ»։

Անդրադառնալով Վահագն Վերմիշյանի կալանավորված լինելու հանգամանքին, դատավորը նշեց, որ փաստաբաններն իրենց լիազորագրերը ստացել են դեռևս սեպտեմբերի 25-ին, որից հետո միայն հոկտեմբերի 11-ին են դիմել Վերաքննիչ քրեական դատարան՝ իրենց վստահորդի հետ հանդիպելու համար․ «Ունեցել եք բավարար ժամանակ այդ գործողությունները կատարելու համար։ Կարծում եմ՝ ձեր միջնորդությունն անհիմն է»։

Միջնորդությունը մերժվեց։ Դատավորն առաջարկեց հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ հարցեր ուղղել հայցվորին, սակայն փաստաբանները նշեցին, որ միջնորդության մեջ նշված հանգամանքները հաշվի առնելով չեն կարող այս պահին հարցեր ուղղել դատախազին։

Վահագն Վերմիշյանը կրկին դատարանում հայտարարեց, որ գործընթացն աբսուրդային է։

«Չգիտեմ՝ դատախազն ինչից ելնելով է հանձնարարել այս գործը սկսել։ Երևի տիկին Վարդապետյանն անձնական խնդիր ունի ինձ հետ։ Իրեն կբարևեք»,-դիմելով դատախազին ասաց Վերմիշյանը։

Նաիրա Արտաշեսյանը խնդրեց դատախազության հեղինակությունը արատավորող հայտարարություններ չանել։ Վերմիշյանը հակադարձեց՝ նշելով, որ ինքն ընդամենը խնդրել է «բարևել տիկին Վարդապետյանին»․ «Եթե համատեքստը հասկանայիք, այս գործն ընդհանրապես չէիք սկսի։ Ամոթ է»։

Դատավոր Կարապետ Բադալյանը դիմելով Վահագն Վեիմիշյանին նշեց, որ վերջինս անում է արտահայտություններ, որոնք գործի շրջանակներից դուրս են․ «Ես Ձեզ զգուշացնում եմ, որ անթույլատրելի են նման արտահայտությունները»։

-Ես համարում են անթույլատրելի նման գործ հարուցելը։

-Դուք դատարանի հետ մի փորձեք վիճաբանել։

-Դատարանի հետ չէ, դատախազին եմ ասում։

Պատասխանողի ներկայացուցիչները պնդեցին՝ հայցադիմումն ամբողջությամբ անհիմն է․ «Հայցում տեղ գտած բոլոր հիմքերին առանձին անդրադառնալու համար ներկայումս մենք չունենք այն տեղեկատվության բազան, որ կարողանայինք հայցում նշված փաստարկը առարկել և մեր դիրքորոշումը ներկայացնել»։

Կարապետ Բադալյանը հիշեցրեց, որ նախկինում գործով ներգրավված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հունիսին ներկայացրել է հայցադիմումի գրավոր պատասխան։ Արմեն Մելքումյանը նշեց, որ ընդունում և պնդում են պատասխանը։ Այնուհետև դատավորը Վերմիշյանին թույլատրեց հայցադիմումի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել։

-Ժամանակ ունե՞մ, ինչքա՞ն ժամանակ եք տալիս։

-Ինչքան ըստ էության խոսեք, այդքան ժամանակ եմ տալիս,-արձագանքեց դատավորը։

Վերմիշյանը նշեց, որ իր նման հազարավոր մարդիկ կան, որ արտերկրում են իրենց ունեցվածքը աշխատել, այն վաճառել ու տեղափոխվել են ՀՀ։

«1991-ին ես տեղափոխվել եմ Մոսկվա և որևէ գործունեություն ՀՀ-ում չեմ ծավալել։ Աշխատել եմ տարբեր հիմնարկություններում, շենքեր եմ կառուցել ու նախագծել։ Աշխատել եմ Սուդանում։ Եթե փաստաթղթեր են պետք, Սուդանի Օմար Հասան ալ-Բաշիրին (Սուդանի նախագահ-խմբ․) մենք դժվար գտնենք, որովհետև հեղափոխություն եղավ, նրա փոխարեն հիմա ուրիշ մարդ է։ Այդ մարդու կողմից շնորհակալագիր եմ ստացել, 7 միլիոնանոց քաղաք եմ նախագծել Կարմիր ծովի ափին։ Աշխատել եմ Դուբայում։ Մի քանի հյուրանոցային կոմպլեքս եմ նախագծել այնտեղ։ Հիմա այդ ներդրողներին գտել, պարզել գումարները ինչպես եմ ստացել, ինչ ձևով, անհնարին է թվում։ Մի տեղ մարգարիտների ձևով եմ ստացել, մի տեղ ադամանդների ձևով, մի տեղ տարբեր գումարներով։ Այդ ամեն ինչը հիմա շատ դժվար է վերակագնել։ Ես պետք է մեկնեմ այնտեղ, այդ թղթերը բարձրացնեմ։ Եթե մի քիչ նամուս ունենան, վաղը ևեթ այս գործը կկարճեն»,-Վահագն Վերմիշյանի այս նախադասությունից հետո դատավորը կրկին նկատողություն արեց նրան։

-Դուք առանց այդ արտահայտությունների չեք կարողանո՞ւմ։

-Լավ, ամոթի․․․shame, լավ, անգլերեն ասեմ։ Խայտառակություն, ի՞նչ ասեմ։

-Դուք դատարանում եք, այստեղ դատական գործ է քննվում։

-Իմ գործն է, չէ՞։ Ես իմ կարծիքն եմ հայտնում։ Ոչ ոքի չեմ վիրավորում։

-Բարոյական գնահատականները Ձեզ պահե՛ք։

-Ինչո՞ւ եք Դուք վիրավորվում։ Ես Ձեր վիրավորվելուց կարող եմ եզրակացնել, որ Դուք արդեն որոշում եք կայացրել։ -Դուք ո՞ր կողմից եք։ Էս (պատասխանողի), էն (հայցվորի), թե էն (Աստծո),-ձեռքերով ուղղությունները ցույց տալով և դատավորին դիմելով հետաքրքրվեց Վերմիշյանը։

-Դատարանն արդարադատություն է իրականացնում։

3-րդ անձ «Արդշինբանկի» ներկայացուցիչը դիրքորոշում ներկայացրեց դատարանին։ Այն վերաբերում էր Այգեստան փողոցում գտնվող բնակարանին, որը գրավադրված է բանկում։ Դիրքորոշմամբ բանկի ներկայացուցիչը նշել էր, որ դատախազության հայցադիմումի բավարարման դեպքում պետք է պահպանվեն բանկի գույքային իրավունքները։ Պատասխանողների ներկայացուցիչները ժամանակ խնդրեցին՝ դիրքորոշմանը ծանոթանալու համար։ 15 րոպե անց Արմեն Մելքումյանը միջնորդեց գործով 3-րդ անձ ներգրավվել Վահագն Վերմիշյանի փեսային, Արազ Բաղդասարյանին, ով  նշված գույքի մասով վարկառու է հանդիսանում։

Դատավորը հայտնեց, որ 3-րդ անձ ներգրավելու վերաբերյալ որոշումն առանձին դատական ակտի ձևով է հրապարակվելու, նիստը հետաձգվեց։

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել