Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է հարևան համայնքների հետ մայրաքաղաքի սահմանների ճշտման գործընթաց. Ավինյան

Երևանի նոր գլխավոր հատակագծի նախագծման համար քաղաքապետարանը գումարներ է հատկացրել. դա կլինի միջանկյալ գլխավոր հատակագիծ, դրան զուգահեռ  նախաձեռնվել է Երևանի սահմանների ճշտման գործընթաց  հարևան համայնքների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հարցին, թե ե՞րբ կլինի Երևանի գլխավոր հատակագիծը:

Ավինյանն ընդգծեց, որ Երևանի գլխավոր հատակագիծը քաղաքաշինական բոլոր նորմերի ֆունդամենտն է: «Ես այս պահին «Երևան նախագծին» հատկացրել ենք գումարներ, որ իրականացնի նոր գլխավոր հատակագծի նախագծում, դա լինելու է միջանկյալ գլխավոր հատակագիծ: Սրան զուգահեռ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է իր սահմանների ճշտման գործընթացն իր հարևան համայնքների հետ: Մենք սա անում ենք, որ օնլայն քարտեզի վրա Երևանն իր ճշգրտված սահմաններով արձանագրվի և այդ օնլայն քարտեզի վրա տեղադրվի նոր նախագծվող գլխավոր հատակագիծը, գլխավոր հատակագծի վրա տեղադրվեն հետագայում իրականացվող գոտիավորման նախագծերը: Եվ, երբ մենք արդեն իսկ ունենանք օնլայն քարտեզի վրա գոտիավորման նախագծեր, որը մեզ համար և Կադաստրի կոմիտեի համար նույնական է, մենք խնդիր չենք ունենալու մեր ու Կադաստրի կոմիտեի միջև՝ սահմանների ճշտումների տարաձայնությունների, որովհետև ունենալու ենք նույնական բազա»,-ասաց Ավինյանը:

Բացի այդ, ըստ քաղաքապետի, եթե այդ ինֆորմացիան հանրային դարձնեն, Երևանում բոլորի համար հողի գինը պարզ կլինի, որովհետև պարզ կլինի, թե տվյալ հողամասը գնելու դեպքում դա ինչպիսի ճարտարապետահատակագծային նախագիծ կարող է ստանալ:

Ավինյանը վստահեցրեց՝ գնում են մաքսիմալ թվայնացման, մաքսիմալ թափանցիկության: «Եվ հենց հիմա մեր հարևան համայնքների հետ սահմանների ճշգրտման գործընթացում ենք գտնվում»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել