Հանքարդյունաբերության ոլորտի ներկա մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է

Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի ուժեղ կողմերից մեկը հանքարդյունաբերության մուլտիպլիկատիվ էֆեկտն է, այսինքն, օրինակ 2021 թվականին հանքարդյունաբերության ոլորտի կողմից ստեղծված ՀՆԱ-ն՝ համախառն ներքին արդյունքը կազմել է 386.5 մլրդ դրամ։

Այս մասին նշվում է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունում ներկայացված վերլուծություններից մեկում։

2021 թ.-ին հանքարդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 500 հազար դրամ, որը Հայաստանում միջին ամսական աշխատավարձից եղել է միջինում մոտ 2.4 անգամ ավելի բարձր։

Հանքարդյունաբերության ոլորտի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) բազմապատկիչը Հայաստանում կազմում է 1.8, զբաղվածության բազմապատկիչը՝ 5.3: Տնտեսության այլ ճյուղերի համեմատ հանքարդյունաբերության բազմապատկիչը ամենաբարձրն է ողջ աշխարհում, դրան հաջորդում են էներգակիրների, գյուղատնտեսության, ֆինանսական ծառայությունների, առևտրի, հանրային սննդի ոլորտների բազմապատկիչները:

Հարկ է նշել, որ առկա է նշված ազդեցությունները առավել ուժեղացնելու մեծ պոտենցիալ, քանի որ ոլորտի արժեշղթայի մեծ մասը դեռևս բացակայում է Հայաստանում, ինչպես նաև չեն գործում հանքարդյունաբերությանը սպասարկող մի շարք ծառայություններ ու արտադրություններ։

Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության համաձայն՝ ամփոփելով պաշտոնական վիճակագրական տվյալների վերլուծությունը՝ կարող ենք փաստել, որ հանքարդյունաբերության ոլորտի ներկա մասնաբաժինը ՀՀ տնտեսության մեջ զգալի է, այդուհանդերձ վերջին տարիներին ոլորտի սոցիալ-տնտեսական ցուցանիշների դինամիկան դրսևորել է նվազման միտումներ: Ուստի ոլորտի հետագա զարգացման և կայուն աճի ապահովման համար անհրաժեշտ են համապատասխան գործողություններ և միջոցառումներ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել