Իսրայելը պետք է պաշտպանի իր ժողովրդին՝ համաձայն պատերազմի կանոնների, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 10-րդ արտահերթ հատուկ նստաշրջանի ժամանակ։
«Միացյալ Նահանգները բաց և մասնավոր զրույցների ժամանակ պարզ ու հստակ ասել է, որ Իսրայելն ունի իրավունք իր ժողովրդին ահաբեկչական խմբավորումից պաշտպանելու, սակայն նա պետք է դա անի պատերազմի օրենքներին համապատասխան: Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի Գազայի հատվածում և ամբողջ տարածաշրջանում բոլոր կողմերի կողմից»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Իսրայելին, Եգիպտոսին և բոլոր կողմերին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում հումանիտար ճգնաժամը մեղմելու համար։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ մինչև հոկտեմբերի 7-ը գոյություն ունեցող ստատուս-քվոյի վերադարձ չի լինի։
«Մենք չպետք է վերադառնանք այն ստատուս-քվոյին, որում ՀԱՄԱՍ-ը ահաբեկել է Իսրայելին։ Եվ մենք չենք կարող վերադառնալ այն ստատուս-քվոյին, որտեղ ծայրահեղական վերաբնակիչները կարող են հարձակվել պաղեստինցիների վրա և ահաբեկել Հորդանան գետի Արևմտյան ափում: Ստատուս-քվոն անընդունելի է»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը: .
Նրա խոսքով, ներկայիս ճգնաժամի անցումից հետո հետագա կարգավորման տեսլականը պետք է կառուցվի երկու պետությունների համակեցության վրա հիմնված կարգավորման վրա։