Չեմ պատրաստվում հրապարակային արձագանքել. Փաշինյանը՝ Մեդվեդևի կողմից իր հասցեին վիրավորանքի մասին

Ես դրան ուղիղ չեմ արձագանքել և չեմ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից՝ ինչ-որ ասել եմ, որովհետև ես այդ թեմաներին անդրադարձեր ունեցել եմ:  Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով The Wall Street Journal-ի թղթակից Յարոսլավ Տրոֆիմովի այն նկատառմանը, թե ՌԴ բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ նախկին նախագահ Մեդվեդևը, իսկապես վիրավորական բառամթերք են օգտագործել Փաշինյանի հասցեին և հեղաշրջման կոչ արել։

Յարոսլավ Տրոֆիմովը հարցրել է՝ «Ինչպե՞ս եք պատասխանել այս ամենին, և, ըստ Ձեզ, Ռուսաստանում Ձեր դեմ տարվող այս արշավի պատճառները որո՞նք են»։

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ չի պատրաստվում հրապարակային արձագանքել դրան։

«Գիտեք, ես դրան, եթե չեմ սխալվում, հենց որպես այդպես ուղիղ չեմ արձագանքել և չեմ էլ պատրաստվում հրապարակային արձագանքել, բացի նրանից, ինչ-որ ասել եմ, որովհետև ես այդ թեմաներին անդրադարձեր ունեցել եմ: Բայց նաև ակնհայտ է, որ Ձեր նշած այդ փաստերն առնվազն հարցեր են առաջացնում, և այդ հարցերի պատասխանները պետք է գտնել, որովհետև ես իմ վերջին ելույթում ասացի, եթե ճիշտ եմ հիշում, կամ եթե նույնիսկ չեմ ասել, նման մոտեցումը շատ կանոններ է խախտում, սկսած՝ միմյանց ներքին գործերին չխառնվելու և դիվանագիտական կոռեկտության և, իհարկե, նաև անձնական հարթության խնդիր էլ է առաջացնում, որովհետև անհասկանալի է նման ձևակերպումը, նման խոսակցությունը և նման դիրքավորումն այն մարդկանց համար, ովքեր միմյանց հետ, այնուամենայնիվ, բավականին երկար ժամանակ աշխատել են»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մեդվեդևն իր տելեգրամյան ալիքում գրել էր․

«Մի օր եղբայրական երկրից իմ մի գործընկեր ասաց ինձ․ «Դե ես ձեզ համար օտար եմ, դուք ինձ չեք ընդունի»։ Ես պատասխանեցի այն, ինչ պիտի պատասխանեի․ «Կենսագրությամբ չենք դատելու, այլ արարքներով»։

Հետո նա պարտվեց պատերազմը, բայց տարօրինակ կերպով մնաց տեղում։ Հետո նա որոշեց իր անտաղանդ պարտության պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա։ Հետո նա զիջեց իր երկրի տարածքի մի մասը։

Հետո նա որոշեց խաղ անել ՆԱՏՕ-ի հետ, իսկ նրա կինը թխվածքաբլիթներով ցուցադրորեն գնաց մեր թշնամիների մոտ։ Գուշակեք՝ ինչ ճակատագիր է նրան սպասվում․․․»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել