Տուգանքների չափերը կբարձրացվեն, պատասխանատվության միջոցները կխստացվեն․ նոր փոփոխություններ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի նպատակն է խստացնել օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման համար սահմանված պատասխանատվության միջոցները:

Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել ճանապարհներին եւ ճանապարհային ենթակառուցվածքներին վնասման հետեւանքով պետությանը հասցված վնասի համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված տուգանքների չափերը եւ խստացնել պատասխանատվության միջոցները: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են տեխնիկական, խմբագրական փոփոխություններ: Ելույթներում հանձնաժողովականներն անդրադարձել են ճանապարհային գծանշանների խնդրին՝ կարեւորելով վերահսկողությունն ու նախագծերի փաթեթի ընդունումը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չափազանց կարեւորել է նմանատիպ նախագծերի ընդունումից հետո պատշաճ կիրառումը՝ նշելով, որ սա առաջին անհրաժեշտ քայլերից մեկն է Հայաստանում ճանապարհային երթեւեկությունը լավարկելու համար:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները:

Առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանել, որ համապատասխան ոլորտներում կատարվող իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող կամ պատասխանատվություն սահմանող մարմինն այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինն է: Կսահմանվի նաեւ վարչական պատասխանատվության միջոցներ աշխատանքային, առողջապահության, սննդամթերքի անվտանգության, ընդերքօգտագործման ոլորտներում նախատեսված պահանջները խախտելու համար:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարված փոփոխությունները ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը: Մի շարք հոդվածներով իրավախախտման կրկնության պարագայում տվյալ արարքի համար սահմանված տուգանքի կրկնապատիկի փոխարեն նախատեսվել է սահմանել տուգանք՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով: Սկզբնական նախագծով նախատեսվում էր, օրինակ, 10-50 հազար դրամի վարչական պատասխանատվություն, կրկնվելու դեպքում՝ կրկնապատիկի չափով տուգանք, սակայն չէր հստակեցվում, թե որի կրկնապատիկի չափով: Պետրոս Մարտիրոսյանը պարզաբանել է՝ առաջին անգամ որքան եղավ տուգանքը, կրկնվելու դեպքում կլինի դրա կրկնապատիկը:

Նախագծից հանվել են գործող օրենսգրքի 109-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները, վերանայվել են նաեւ մի շարք հոդվածներ ուժի մեջ մտնելու ժամկետները:

Գործող օրենքով Գլխավոր դատախազը պատգամավորի եւ Մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն կամ նրանց ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը կարող է ներկայացնել միայն Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը եւ Արփինե Դավոյանն առաջարկում են լրացումներ կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, ըստ որոնց՝ վերոնշյալ հարցի քննարկումը հնարավոր կլինի կազմակերպել նաեւ արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու միջոցով:

Նախաձեռնության համահեղինակ Հասմիկ Հակոբյանը նշել է, որ ուսումնասիրվել է շուրջ 30 երկրի փորձը. «Համանման հիմքեր ունեցող երկրներում մեծամասամբ հնարավորություն է ընձեռվում հարցը քննարկել արտահերթ նիստի շրջանակում»:

Առաջինից երկրորդ ընթերցում նախաձեռնությունը չի փոփոխվել:

Հարակից զեկուցողները՝ պատգամավոր Անուշ Քլոյանը եւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը, նախաձեռնության վերաբերյալ դրական դիրքորոշում են ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել