Հայաստանի Հանրապետությունում փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներն ունեն փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվելու հավասար իրավունքներ:
Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ստանալու մատչելի տեղեկատվություն մատուցվող փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների, փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների սակագների, փոստային առաքանիների առաքման հսկիչ ժամկետների, առաքման համար արգելված առարկաների և նյութերի, փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայությունների մատուցման լիցենզիայի գործողության ժամկետի վերաբերյալ:
Փոստային կապի ծառայություններից օգտվողն իրավունք ունի ցպահանջ կամ փոստային բաժանորդային պահարանի օգտագործմամբ իր հասցեով ստանալու փոստային առաքանիները և դրամական միջոցների փոստային փոխադրությունների ծանուցումները: Հասցեատերն իրավունք ունի հրաժարվելու իր հասցեով ստացված փոստային առաքանիներից կամ փոստային դրամական միջոցների փոստային փոխադրություններից:
Փոստային կապի կամ սուրհանդակային կապի ծառայություններից օգտվողներն ինքնուրույն են որոշում գնահատված փոստային առաքանու ներդրվածքի արժեքը, որը պետք է համապատասխանի ներդրվածքի իրական արժեքին, իրենց հայտարարագրով ընտրում են փաթեթավորման տեսակը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: