ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին է ներկայացրել Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հանգամանքները։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահը կարևորել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի իրականացված էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հազարավոր անձանց հումանիտար հիմնահարցերի, առաջնային իրավունքների հնարավորինս ապահովմանը։ Ընդգծվել է Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների վերաբերյալ լիարժեք և փաստարկված պատկերացումների ձևավորման անհրաժեշտությունը։
Միյատովիչն իր հերթին նշել է, որ իրենց առաքելության նպատակը տեղահանված անձանց խնդիրներին համակողմանի ծանոթանալն է և նրանց իրավունքների պաշտպանությանը հետամուտ լինելը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակչությանն էթնիկ զտումների, բռնի տեղահանության ենթարկվելու քրեաիրավական խնդիրները, արցախցիների կենսական իրավունքների պաշտպանության հիմնահարցերը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Քյարամյանը ներկայացրել է լայնածավալ քննության շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները Լեռնային Ղարաբաղի բնակչությանն էթնիկ զտման ենթարկելու պլանավորվածության, դրա իրականացման շրջանակներում իրենց բնօրրան-հայրենիքում էթնիկ հայության հետագա կենսապահովումն անհնարին դարձնելուն, սեպտեմբերի 19-ին ԼՂ բնակչության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական հարձակում և բռնի տեղահանություն իրականացնելուն, այդ ամենի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների, անձանց գերեվարումների, էթնիկ հայերի նկատմամբ բռնությունների, դիերի անարգման վերաբերյալ։
Քյարամյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԼՂ ողջ բնակչությունը՝ ավելի քան հարյուր հազար մարդ, կյանքը փրկելու նպատակով տեղահանվել և Հայաստան են տեղափոխվել գործնականում երեք օրվա ընթացքում՝ թողնելով իրենց ողջ ունեցվածքն ու սեփականությունը, ինչը ևս էթնիկ զտման ակնառու դրսևորում է։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքներին, դրա հետևանքով անհետ կորած անձանց որոնման աշխատանքների շարունակման, քննչական գործողություններ իրականացնելու անհնարինության հանգամանքին։
Անդրադարձ է կատարվել 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում անհետ կորած, ինչպես նաև Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող անձանց խնդիրներին։