Ի՞նչ կարգով է անձին մեղադրանք առաջադրվում

Մեղադրանքը պետք է առաջադրվի տվյալ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին քննիչի կողմից որոշումն ընդունելու պահից ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում, սակայն բոլոր դեպքերում ոչ ուշ, քան մեղադրյալի ներկայանալու կամ նրան բերման ենթարկելու օրը:

Մեղադրանք առաջադրելու ժամկետն ընդհատվում է, եթե մեղադրյալը թաքնվում է քննությունից:

Իսկ ի՞նչ կարգով է քննիչը մեղադրանք առաջադրում անձին:

Քննիչը, հավաստիանալով մեղադրյալի ինքնության մեջ, նրան հայտարարում է որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը և բացատրում առաջադրված մեղադրանքի էությունը: Այդ գործողությունների կատարումը մեղադրյալի և քննիչի ստորագրությամբ հաստատվում է` որոշման մեջ նշելով մեղադրանքի առաջադրման ամիսը, օրը, ժամը և թվականը:

Մեղադրանք առաջադրելիս քննիչը պարտավոր է մեղադրյալին բացատրել օրենքով նախատեսված նրա իրավունքները և պարտականությունները:

Որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման պատճենը նրա իրավունքների և պարտականությունների ցանկի հետ հանձնվում է մեղադրյալին: Մեղադրանքի առաջադրման, մեղադրյալին նրա իրավունքները բացատրելու և որոշման պատճենը հանձնելու մասին քննիչը կազմում է արձանագրություն, որն ստորագրում են քննիչը, մեղադրյալը և այդ գործողությունները կատարելիս ներկա գտնվող մյուս անձինք:

Որոշման մեջ կամ արձանագրությունում ստորագրելուց մեղադրյալի կամ այլ անձի հրաժարվելու դեպքում քննիչը դրա վրա նշում է կատարում ստորագրելուց հրաժարվելու մասին և 24 ժամվա ընթացքում հայտնում է դատախազին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել