Լիտվան Եվրամիությունում Հայաստանի վստահելի գործընկերներից է և Հայաստանը շնորհակալ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից ցուցաբերվող քաղաքական աջակցության համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ընդգծեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպումից հետո իր հայտարարությունում:
Վարչապետը նշեց, որ սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն, ինչը վկայում է երկու երկրների հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին: Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը: Լիտվայի և ՀՀ-ի նախագահները 2022 և 2023թթ փոխադարձ այցեր են կատարել: 2021-ին աշխատանքային այցով Լիտվայում է եղել նաև Հայաստանի վարչապետը:
«Լիտվան ԵՄ-ում մեր վստահելի գործընկերներից է: Եվ մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիության և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար: Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը»,-ասաց Փաշինյանը:
Հայաստանի վարչապետը հիշեցրեց՝ դեռ Եվրոպական խորհրդարանում իր ելույթում է ասել, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են, թե դա ինչ է նշանակում կամ ինչ կարող է նշանակել գործնականում: Խոսել են նաև ԵՄ-ում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին:
Փաշինյանը Լիտվայի վարչապետին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկի» Հայաստանի նախագիծն ու առաջարկը: Դրա առանցքային նպատակը տարածաշրջանային, հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցությունների վերաբացումն ու ակտիվացնում է, այդ թվում Հայաստանի տարածքով, որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Ծոցին: «Սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլ նաև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը»,-ասաց Հայաստանի վարչապետը:
Վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ: Փաշինյանի կարծիքով՝ Հայաստան-Լիտվա միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Վարչապետերը պայմանավորվել են այդ աշխատանքն ակտիվացնել: