Արցախի պետաշխատողներն ազատված են աշխատանքից, կան բացառություններ․ հրամանագիր

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որով Արցախի Հանրապետության պետական և համայնքային հիմնարկների, պետության և համայնքների կողմից հիմնադրված, ինչպես նաև դրանց մասնակցությամբ կազմակերպությունների, պետության և համայնքների կողմից ստեղծված հիմնադրամների աշխատողները 2023 թվականի հոկտեմբերի 1-ից ազատված են պաշտոններից։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Շահրամանյանը հրամանագիրը ստորագրել է՝ հաշվի առնելով սեպտեմբերի 20-ից հետո Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը։

Նշվում է, որ բացառություն են կազմում Արցախի նախագահը, աշխատակազմի ղեկավարը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, ԱԺ պատգամավորները, ԱԺ աշխատակազմի ղեկավարը, դատավորները, Մարդու իրավունքների պաշտպանը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, գլխավոր դատախազը, պետական նախարարը, բոլոր նախարարները, նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետը, պետական կառավարման այլ մարմինների ղեկավարները, բնակարանային հարցերի կոմիտեի նախագահը, ՆԳՆ ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Ստեփանակերտի քաղաքապետը, երկրի շրջանների վարչակազմերի ղեկավարները, համայնքների ղեկավարները, Արցախի կողմից հիմնադրված ընկերությունների (բացառությամբ ՊՈԱԿ-ների) և հիմնադրամների ղեկավարները։

Նրանք շարունակելու են պաշտոնավարել հասարակական հիմունքներով (առանց վարձատրության):

Հրամանագրով սահմանվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել