Հավանություն է տրվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Ներկայացված փոփոխությունների նպատակն է գործողության մեջ թողնել ՀՀ կառավարության «ՀՀ-ում անձնագրային համակարգի կանոնադրությունը և ՀՀ քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» որոշումը, ապահովելու համար ՀՀ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները՝ անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը, մինչև նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը և փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը:
Հիմնավորման համաձայն՝ 2017 թ. հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ-ը կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված՝ աշխատանքներ են տարվել ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաև պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ։
ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների՝ ՀՀ-ում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլև ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու և այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ: Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ: