Պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն և պաշտոնյաներին նվերներ տալ չի կարելի. Նիկոլ Փաշինյան

Գործադիրը հավանություն է տվել  «Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և օրենքի համապատասխան  հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է վերոնշյալ խումբ նվերների տնօրինման լիազորությամբ, որպես ընդհանուր կանոն, օժտել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, նախարարների և նախարարների տեղակալների,  պատգամավորական պատվիրակությունների, Կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների  ստացված՝ նվերների հաշվառումը և «Հանրային ծառայության մասին օրենքի» հիման վրա ՀՀ սեփականություն դարձող նվերների՝ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված եղանակներով տնօրինման եղանակների վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու լիազորությունը վերապահելով Պետական արարողակարգային ծառայությանը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև հստակեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքով թույլատրելի համարվող նվերների շրջանակը՝ դրանց շարքում նախատեսելով նաև որպես պարգևատրում կամ պետական պարգև տրամադրվող գույքը: Արդյունքում՝ նախատեսվում է ներդնել պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման արդյունավետ գործիքակազմ, ապահովել պետության սեփականություն դարձած նվերների տնօրինման ընթացակարգի միասնականությունը և կանխատեսելիությունը, ապահովել պետական սեփականություն հանդիսացող գույքի միասնական սկզբունքներով, նպատակային և արդյունավետ կառավարումն ու տնօրինումը:

Ինչպես նշել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, օրինագծերի փաթեթով կարգավորվում է հանրային ծառայողների կողմից ստացած և պետության սեփականությունը դարձող նվերների տնօրինման իրավահարաբերությունները: «Գործող օրենսդրությամբ հանրային ծառայողն իր պաշտոնեական պարտականությունների հետ կապված նվեր ստանալու իրավունք չունի, և որևէ պաշտոն զբաղեցնելու հանգամանքից ելնելով անձին տրված ցանկացած նվեր ոչ թույլատրելի է՝ անկախ այդ նվերի արժեքից: Բացառություն են կազմում և թույլատրելի են միայն պաշտոնական այցերի, միջոցառումների ժամանակ տրվող և արարողակարգային նվերները, կրթաթոշակը, դրամաշնորհը: Ընդ որում, արարողակարգային ու պաշտոնական այցերի ժամանակ տրվող նվերները դառնում են պետության կամ համայնքի սեփականությունը, եթե դրանց արժեքը 60.000 դրամը գերազանցում է: Ներկայիս օրենսդրությունը չի կարգավորում պետության սեփականությունը դարձող նվերների հետագա տնօրինման հետ կապված հարաբերությունները, ինչը լուրջ բաց է, քանի որ թե՛ հանրությանը, թե՛ նվեր ստացած հանրային ծառայողին հնարավորություն չի տալիս հասկանալ՝ պետությունն ի վերջո ինչ է անելու իր սեփականությունը դարձող արարողակարգային նվերների կամ ոչ թույլատրելի նվերների հետ:

Ներկայացվող նախագծով կարգավորում ենք այս բոլոր հարցերը ու նպատակ ունենք ապահովել, որ հստակ սահմանվեն պաշտոնյայի կողմից ցանկացած նվեր ստանալուց հետո այդ նվերի հետագա ճակատագիրը որոշելու ողջ գործընթացը, նշված գույքը տնօրինող մարմինները ու նրանց լիազորությունները»,-ասել է նախարարը:

Այսպիսով՝ նախագծի հիման վրա պաշտոնական այցերի, գործուղումների շրջանակներում տրվող կամ արարողակարգային նվերները 60 հազար դրամը գերազանցելու դեպքում հնարավորություն է ստեղծվելու հանձնել թանգարաններին կամ ազգային գրադարանին, նվիրաբերել, թողնել նվեր ստացած պաշտոնատար անձի կամ պետական մարմնի ժամանակավոր օգտագործմանը՝ մինչև պաշտոնավարման ավարտը: Նոր կառուցակարգով անհրաժեշտության դեպքում հնարավոր է լինելու դրանք իրացնել հրապարակային սակարկություններով: Եթե գործ ունենք պետության սեփականությունը դարձող ոչ թույլատրելի նվերի հետ, որը հնարավոր չի եղել նվիրողին վերադարձնել կամ հատուցում վճարել, ապա այս նվերները իրացվելու են հրապարակային սակարկություններով կամ նվիրաբերվելու են օրենքով սահմանված կարգով: Պետության սեփականությունը դարձող նվերները տնօրինելու է Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ Հանրապետության նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետերի, նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց ստացած արարողակարգային նվերների տնօրինման վերաբերյալ եզրակացություն է տալու այս ոլորտում մասնագիտացած մարմինը՝ Պետական արարողակարգային ծառայությունը, որը նաև ռեեստրում հաշվառելու է այդ նվերները:

««Հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում» ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի գնահատման 5-րդ փուլի զեկույցում ևս կարևորություն է տրվել այս նախագծին, որի կարգավորումներն առավել կանխատեսելի ու թափանցիկ կդարձնեն բոլոր պաշտոնյաների ստացած նվերների տնօրինման ողջ գործընթացը»,-ասել է Գրիգոր Մինասյանը :

Նիկոլ Փաշինյանը կարևորել է օրինագծերի ընդունումը և  նշել. «Մենք այս թեմայի վրա բավականին երկար ենք աշխատում: Պետք է ասեմ, որ չնայած վերնագիրը պարզ է, բայց բովանդակությունը բավականին բարդ է, և մենք բազմաթիվ խնդիրների և բարդությունների է հանդիպում և կշարունակենք հանդիպել համակարգը մշակելիս: Օրինակ՝ ի սկզբանե կար թեմա, որ արարողակարգային նվերները պետք է օտարվեն, այսինքն՝ չմնան պաշտոնյային կամ չդառնան պետության սեփականությունը: Բայց մենք արձանագրեցինք, որ դրա հետ կապված երկրի, պետության պետական պատմությունն ուղղակի ցաք ու ցրիվ անենք, և որևէ հետագիծ չմնա: Այլ խնդիրների էլ ենք բախվում: Մի բան ակնհայտ է, որ մենք մեր ընդհանուր հակակոռուպցիոն քաղաքականության մեջ և բարեվարքության քաղաքականության մեջ պետք է գնանք շատ կոնկրետ սահմանափակումների և շատ կոնկրետ կարգավորումների: Ընդ որում՝ այդ կարգավորումներին շատերը նայում են միայն հանրության և թափանցիկության տեսակետից:  Սա կարևոր է նաև պետական պաշտոնյաների պաշտպանվածության առումով, որովհետև ամենատարբեր իրավիճակներ են լինում, երբ պետական պաշտոնյաները հայտնվում են շատ անհարմար վիճակում: Երբ կա օրենքի կարգավորում, շատ հեշտ է մարդկանց ասել, որ դա օրենքով արգելված է, և խոսակցությունը փակվում է»:

Վարչապետը կարևորել է նաև նվերների օգտագործման հետ կապված կարգի հստակեցումը: «Մի բան պետք է արձանագրենք, որ պաշտոնյաները նվերներ ստանալու իրավունք չունեն և պաշտոնյաներին նվերներ տալ չի կարելի: Մենք պետք է դա ի վերջո արձանագրենք, և դա դառնա մեր կյանքի սովորական ամենօրյա ընկալում, որովհետև մենք տեսնում ենք հակակոռուպցիոն հետևողական քաղաքականության կոնկրետ արդյունքներ: Եվ այդ արդյունքները մեզ շատ անհրաժեշտ են: Նման կարգավորումները, բացի գործնական էֆեկտներից, զուգահեռ նաև շատ էֆեկտներ են ունենում»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել