Ադրբեջանը պետք է ապահովի Արցախի հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հոկտեմբերի 18-ի նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի իրավիճակին և հայտարարություն ընդունվել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԵՄ արտաքին ծառայության մամուլի բաժնից։

Հայտարարության մեջ նշված է, որ Եվրամիությունը շարունակում է մտահոգությամբ հետևել սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունների և Լաչինի միջանցքի իննամսյա շրջափակման հետևանքով Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ) հայերի զանգվածային արտագաղթից հետո ստեղծված ծայրահեղ ծանր իրավիճակին։

«Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ)  գրեթե ողջ բնակչությունը՝ ավելի քան 100 հազար 600 մարդ, ապաստան է գտել Հայաստանում։ Հրամայական է ապահովել շարունակական անխոչընդոտ մարդասիրական աջակցությունը նրանց, ովքեր դեռ կարիքի մեջ են Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ) , ինչպես նաև նրանց, ովքեր հեռացել են։ Անցյալ շաբաթ Եվրահանձնաժողովը հայտարարեց 10,45 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնության լրացուցիչ փաթեթի մասին՝ ի հավելումն 2020 թվականից ի վեր արդեն տրամադրված 20,8 միլիոն եվրոյի: Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ) հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը, ներառյալ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության, ինչպես նաև պայմաններ ստեղծի Լեռնային Ղարաբաղ (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ)  փախստականների և տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար՝ հարգելով նրանց պատմությունը, մշակույթն ու մարդու իրավունքները: Բացի այդ, պետք է արդյունավետ պաշտպանվեն և երաշխավորվեն տեղական բնակչության մշակութային ժառանգությունն ու սեփականության իրավունքները: Այս կապակցությամբ հիշեցնում ենք, որ Ադրբեջանը պետք է կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սեպտեմբերի 22-ին նշված միջանկյալ միջոցները, այսինքն՝ ձեռնպահ մնա այնպիսի քայլեր ձեռնարկելուց, որոնք կարող են հանգեցնել Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի (կյանքի իրավունք) և 3-րդ հոդվածի (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելում) խախտումների: Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Ալիևի հրապարակային արտահայտությունները Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ)  հայերի հետ խաղաղ ապրելու և նրանց իրավունքները պահպանելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանն ունի հստակ առաջնային պատասխանատվություն բնակչության ճակատագրի համար: Պետք է տրամադրվեն շոշափելի, կոնկրետ և թափանցիկ երաշխիքներ։ Որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց՝ մենք ակնկալում ենք համապարփակ համաներում Ղարաբաղի բոլոր հայերի, ներառյալ նրանց ներկայացուցիչների համար, և բոլոր կողմերի զսպվածությունը կոշտ հռետորաբանությունից։ Միջազգային մուտքը Ղարաբաղ (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ)  շատ կարևոր է, երբ խոսքը վերաբերում է շատ անհրաժեշտ օգնության տրամադրմանը և տեղում իրավիճակի անկախ մոնիթորինգի ապահովմանը: Եվրամիությունն ի գիտություն է ընդունել ՄԱԿ-ի վերջին երկու այցերը: Մենք բարձր ենք գնահատում Միգրացիայի և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի աշխատանքը, որը ցուցաբերում է աջակցություն և օգնություն Հայաստանի իշխանություններին՝ դեպի իր տարածք այս զանգվածային արտագաղթը կարգավորելու հարցում: Անհամբեր սպասում ենք Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելությանը՝ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի գլխավորությամբ և դրա հետագա առաջարկություններին: ԵՄ-ն վերահաստատում է իր աջակցությունը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ինքնիշխանությանը, սահմանների անձեռնմխելիությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին վերահաստատել իր աներկբա հավատարմությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ համաձայն 1991 թ. Ալմաթիի հռչակագրի։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ երկու կողմերի միջև երկխոսության խթանմանը ՝ համապարփակ և կայուն խաղաղություն ապահովելու համար՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության»,-ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են Ալբանիան, Անդորրան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան, Լիխտենշտեյնը, Մոնակոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նորվեգիան, Սան Մարինոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել