ԱՄՆ-ում կարծում են, որ Գազայի հատվածում հիվանդանոցի վրա հարձակումը չէր կարող իրականացվել օդից, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է РИА Новости-ն։
Հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում հարձակման էր ենթարկվել Ալ-Ահլի բապտիստական հիվանդանոցը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ զոհվել է 471 մարդ, ավելի քան 300-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։
Պաղեստինցիներն ու իսրայելցիները մեղադրում են միմյանց հարձակման համար, ընդ որում Պաղեստինի ԱԳՆ-ն հայտարարել է, որ հարձակումն իրականացվել է իսրայելական ինքնաթիռների կողմից, իսկ իսրայելական բանակը հայտարարել է, որ հիվանդանոցը խոցել է պաղեստինյան «Իսլամական ջիհադ» խմբավորման կողմից անհաջող արձակված հրթիռը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Պենտագոնի տեղեկատվությունը Գազայի հատվածում Ալ-Ահլի հիվանդանոցին հարվածելու վերաբերյալ ցույց է տալիս, որ Իսրայելը միջադեպի հետ կապ չունի։
Աղբյուրների տեղեկություններով՝ ամերիկյան հետախուզության հավաքած տվյալների մեջ վերլուծություն կա, որի համաձայն` խոսքը ցամաքային պայթյունի, ոչ թե ավիահարվածի մասին է:
«Եղել են լահռելի վնասներ և բեկորներ, որն էլ համապատասխանում է գետնի մակարդակից սկսված պայթյունին», – նշում է CNN-ը: Ընդ որում` տեղում փոս չի եղել, որը կապացուցեր ռումբի կիրառումը, հստակեցրել է աղբյուրներից մեկը: