Իսպանիայի խորհրդարանի յոթ խմբակցություններ հոկտեմբերի 17-ին ընդունել են հայտարարություն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) դեմ իրականացրած հարձակման վերաբերյալ, որի հետևանքով հազարավոր հայեր բռնի տեղահանվեցին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության մեջ խմբակցությունները խստորեն դատապարտել են «Ադրբեջանի՝ արդարացում չունեցող հարձակումը, որը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային անվտանգության ու կայունության համար»։
Խմբակցություններն իրենց դժգոհությունն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, ինչպես նաև կյանքի չի կոչում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները։
Իսպանացի օրենսդիրները պահանջել են Ադրբեջանից անհապաղ դադարեցնել թշնամական գործողությունները՝ հիշեցնելով, որ այդ պետությունը ժամանակին վավերացրել է Ցեղասպանությունների կանխարգելման և պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան։ Նրանք դատապարտել են ադրբեջանական գործողությունների հետևանքով հայկական կողմում գրանցված մարդկային կորուստները՝ իրենց համերաշխությունը հայտնելով Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) հայ բնակչությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրամիությունը կարող է և պետք է նպաստի հակամարտության բանակցային ու տևական լուծման որոնումներին։