Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ․ պատգամավորը հաղորդում է ներկայացրել

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին պատգամավորը հայտնում է ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում։

Հիմք ընդունելով նաև Սամվել Բաբայանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունները, Գալստյանը հաղորդում է ներկայացրել 2 դրվագով։

«Հակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

Սամվել  Բաբայանը` մի շարք լրատվամիջոցներով նույնպես, առիթը բաց չի թողնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում, զուգահեռաբար ինքն իրեն առաջադրելով որպես Հայաստանում բռնի տեղահանված Արցախահայերի առաջնորդ։

Զուգահեռներն ու պատճառահետևանքային կապերն ավելի քան խոսուն են և ակնհայտ․ միջազգային հարթակներում Ադրբեջանի մաս ճանաչելն ու Արցախի Հանրապետության նկատմամբ իրագործված տիեզերական դավաճանությունը վերջին յոթ-ութ օրերի մեջ տեղավորելը, մեղմ ասած, անբարոյական է։

Ինչևէ, ես՝ աներևակայելիորեն ոգևորված ՀՀ Գլխավոր դատախազության օպերատիվ գործունեությունից, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում՝ երկու դրվագով։

1. Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով և ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։

2. Քրեական գործ հարուցել և վարույթ իրականացնել Նիկոլ Փաշինյանի և այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր ձախողել են Սահմանադրությամբ և Անկախության Հռչակագրով իրենց վերապահված պարտականություններն ու հանձնառությունները, շեղվել են վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից, տապալել են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել