Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրեց Հռոմի կանոնադրությունը (ստատուտ)։ Կողմ քվեարկեց 60, դեմ՝ 22 պատգամավոր։
Ազգային ժողովում՝ հարցի քննարկման ժամանակ, Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտնել է, որ հետսովետական երկրներից 2 պետություն է վավերացրել ստատուտը։ Դրանք են Վրաստանը և Տաջիկստանը։
«Դատարանի նպատակն է պատասխանատվության ենթարկել ծանրագույն միջազգային հարցագործություններ կատարած անձանց։ Խոսքը գնում է պատերազմական հանցագործությունների մասին, մարդկայնության դեմ ուղղված հանցագործության մասին, ցեղասպանության հանցագործության մասին։ Կանոնադրության տեքստը փոփոխությունների է ենթարկվել 2010 թվականին, որի արդյունքում նոր հանցակազմ է ավելացել դատարանի առարկայական իրավազորության տիրույթում, ագրեսիայի հանցագործությունն է»,-նշել է Եղիշե Կիրակոսյանը։