Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վավերացրեց Հռոմի կանոնադրությունը (ստատուտ)։ Կողմ քվեարկեց 60, դեմ՝ 22 պատգամավոր։
Մինչև քվեարկությունը վարման կարգով խոսեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Նա նշեց, որ հարցի քննարկումն ինքնին հակասում է Սահմանադրությանը, այն որևէ օգուտ չի տալու Հայաստանին, քանի որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան չեն ստորագրել այն․ «Բացի այդ, ՄԱԿ-ի անգամ երկրներից ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Չինաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն չեն վավերացրել կամ ստորագրել այս ստատուտը»։
Վարման կարգով խոսեց նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը․ «Մենք կարծում ենք, որ այս նախագիծը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացվում։ Մենք այս նախագծին դեմ ենք, մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»։
Ընդդիմադիրների հայտարարություններին արձագանքեց խորհրդարանական մեծամասնության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Նա նշեց, որ Արցախում տեղի ունեցած կոչվում է մարդկության դեմ ուղղված հանցագործություն։
«Մեր հայրենակիցների մի ստվար խումբ զրկվելով ամեն ինչից հայտնվել է ՀՀ-ի իրավազորության ներքո գտնվող տարածքում։ Սա հիմք է տալիս նաև այս հարցադրման շրջանակներում հարցը բարձրացնել ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարանում»,-նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ նախագիծը բխում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերից։
Մանրամասները՝ տեսանյութում։