Պարտավորությունն իրավահարաբերություն է, որի ուժով մի անձը իրավունք է ձեռք բերում մեկ այլ անձից պահանջել կատարելու որոշակի գործողություն կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց։
Պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ:
Պարտավորության պատշաճությունը նախ և առաջ պայմանավորված է դրա կատարման ժամկետով. եթե այն կատարվում է ժամանակին, հիմնականում որևէ խնդիր չի առաջանում, իսկ եթե ոչ… առաջանում է վեճ:
Իսկ ինչ անել, եթե պայմանագրվ պարտավորության կատարման որևէ ժամկետ սահմանված չէ:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352 հոդվածի` այն դեպքերում, երբ պարտավորությունը կատարման ժամկետ չի նախատեսում և ժամկետի որոշման պայմաններ չի պարունակում, այն պետք է կատարվի պարտավորության ծագումից հետո` ողջամիտ ժամկետում:
Ողջամիտ ժամկետում չկատարված պարտավորությունը, ինչպես նաև այն պարտավորությունը, որի կատարման ժամկետը որոշվում է պահանջի պահով, պարտապանը պարտավոր է կատարել այդ մասին պարտատիրոջ պահանջի ներկայացման օրվանից հետո` յոթնօրյա ժամկետում, եթե պարտավորության կատարման այլ ժամկետ չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պարտավորության պայմաններից, գործարար շրջանառության սովորույթներից կամ պարտավորության էությունից:
«Այս կանոնից որոշակիորեն տարբերվում է փոխառության գործարքից ծագած պարտավորությունը, մասնավորապես` այն դեպքում, երբ փոխառության գումարը վերադարձնելու ժամկետը պայմանագրով որոշված չէ կամ որոշված է ցպահանջ, փոխառության գումարը փոխառուն պետք է վերադարձնի այդ մասին փոխատուի պահանջը ներկայացնելու օրվանից երեսնօրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով»,- Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը: