Յուրաքանչյուր ոք օրենքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:
Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև օրենքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։
Քաղաքացիական հայցվորը կամ նրա օրինական ներկայացուցիչը, կասկածյալի և մեղադրյալի օրինական ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողը քրեական դատավարության ընթացքում իրավունք ունեն օգտվել իրենց հրավիրած ներկայացուցիչների իրավաբանական օգնությունից:
Քրեական հետապնդման մարմինը տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք չունի արգելել նրա կողմից որպես ներկայացուցիչ հրավիրված փաստաբանի մասնակցությունը:
Քրեական վարույթն իրականացնող մարմինը կարող է որոշում կայացնել կասկածյալին կամ մեղադրյալին անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու մասին` ելնելով նրա գույքային դրությունից: