Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն՝ քառակողմ հայտարարությունը (Մակրոնի, Շոլցի, Միշելի և Փաշինյան՝ խմբ․) և երկկողմ հայտարարությունը (Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ խմբ․)։ Դրանք նշանակում են, ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման կոնսենսուս կա։ Երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը արձանագրեցին այս փաստը։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մեզ տվել Գրանադայի հանդիպումը։
«Արձանագրվեց նաև ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ պատրաստակամությունը աջակցել Հայաստանին հումանիտար գործընթացը կառավարելու առումով»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե Գրանադայի թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, հավանականությունը, որ մինչև տարեվերջ կստորագրվեր խաղաղության պայմանագիրը, 70 տոկոսից բարձր կլիներ։
«Գրանադայի հանդիպման գլխավոր թերությունն այն էր, որ չկար Ադրբեջանի ստորագրությունը, հանդիպումը ոչ թե հնգակողմ էր, այլ քառակողմ»,- ասել է Փաշինյանը։