Արցախում հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք ԱՀԿ-ի հստակ գնահատականը․ Անահիտ Ավանեսյանը՝ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Վերջին տասը ամիսների ընթացքում Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  հումանիտար իրավիճակի հետ կապված ակնկալում էինք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հստակ գնահատականը` հավատալով որ «Առողջություն բոլորի համար» սկզբունքը` որպես համամարդկային արժեք, վերաբերում է բոլորին, առանց որևէ բացառության, ինչպես տարածաշրջանի ցանկացած այլ կետի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղին (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) : Եվ եթե ԱՀԿ-ի օգնությամբ աշխարհի համար այս խնդրի տեսանելիությունը ավելի մեծ լիներ, իրականությունն, հիրավի, գուցե այլ պատկեր կունենար»,-նշել է Անահիտ Ավանեսյանը:

Նախարարն ընդգծել է, որ թերսնված, սրված քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց բուժսպասարկման կարիքները կառավարությունն իր միջոցներով է իրականացնում, սակայն պատրաստ է ուղղորդել նաև ԱՀԿ հնարավոր աջակցությունը տուժած բնակչությանը:

Հանս Կլյուգեն վստահեցրել է, որ իր այցը արտացոլում է ԱՀԿ հանձնառությունը «Առողջություն բոլորի համար» սկզբունքին: Նա անդրադարձել է նաև արտերկրից բժիշկների ներգրավմամբ, բնակչության հոգեկան առողջության բարելավման և իմունականխարգելման ոլորտում երկարաժամկետ ծրագրերի իրականացման հնարավորություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել