Ստանալով հայրության որոշման մասին դիմումը` ՔԿԱԳ մարմինը ստուգում է ծնողի, ծնողների (դիմողի) անձը հաստատող փաստաթուղթը (երը), դիմումին կցված փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:
Հայրության որոշման մասին դիմումը լրացվում է հստակ և ընթեռնելի ձեռագրով, այն ստորագրվում է ՔԿԱԳ մարմնի աշխատողի ներկայությամբ, որը դիմումի մեջ նշված տեղեկությունները համեմատում է դիմողների անձը հաստատող փաստաթղթերի հետ: Հայրության որոշման մասին դիմումին կից պետք է ներկայացվի նաև դիմում տվողի (ծնողների) անձը հաստատող փաստաթղթի (երի) լուսապատճենը (ները): Յուրաքանչյուր դիմում` դրա ստացման օրը, պետք է գրանցվի ՔԿԱԳ մարմնի կողմից` հայրության ճանաչման դիմումների հաշվառման մատյանում:
Հայրության ճանաչման դեպքում 10 տարին լրացած երեխայի անվան և ազգանվան փոխումը կարող է կատարվել հաշվի առնելով նրա կարծիքը՝ գրավոր համաձայնությամբ։
Հայրության որոշման գրանցումը կատարվում է անկախ այն բանից, երեխայի հայրը ամուսնության մեջ է, թե ոչ: Այդ իսկ պատճառով հայրության որոշման գրանցման վերաբերյալ նրա կնոջ համաձայնությունը չի պահանջվում:
ՔԿԱԳ մարմինը հայրության որոշման մասին դիմում ընդունելիս, եթե երեխայի ծննդյան վկայականում որպես հայր նշված է որոշակի անձ, պարտավոր է երեխայի ծննդյան ակտի գրանցման հիման վրա ստուգել հոր մասին նախկինում նշված տեղեկությունների հիմքերը: Եթե ծննդի ակտի գրանցումը գտնվում է ՔԿԱԳ այլ տարածքային մարմնում, ապա նշված տեղեկությունները ճշտելու և դիմումին կցելու համար եռօրյա ժամկետում պետք է պահանջվի դրա պատճենը: Այդ դեպքում դիմումը ընդհանուր կարգով` նրա ստացման օրը գրանցվում է մատյանում, իսկ հայրության որոշման գրանցումը կատարվում է դիմողի (դիմողների) ներկայությամբ` ծննդի ակտի գրանցման պատճենը ստանալուց անմիջապես հետո: Ծննդի ակտի գրանցման պատճենը պահանջելու մասին հաղորդվում է ծնողներին (դիմողին) և հաշվի առնելով դրա ստացման իրական հնարավորությունները` նշանակվում է հայրության որոշման գրանցման օրը: Այն դեպքում, երբ երեխայի ծննդի ակտի գրանցման մեջ որպես հայր նշված է դիմող կնոջ ամուսինը կամ այլ անձ, հայրության որոշման գրանցումը ենթակա է մերժման, մինչև դատարանի կողմից կորոշվի երեխայի ծննդի ակտի գրանցումից հոր մասին տեղեկությունների հանման հարցը: 6. Չի թույլատրվում հայրության որոշման գրանցումը դատական կարգով անգործունակ ճանաչված անձի, ինչպես նաև այդ անձի խնամակալի դիմումով: