Զինծառայողները ծեծի են ենթարկել իրենց ընկերոջը

Սուսաննա Մարգարյանը Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական հենակետում հերթապահող իր որդին` Կարեն Մարգարյանը 2009 թվականին փորձել է կանխել իր հսկողության տակ գտնվող դիզվառելիքի գողությունը: Դրա արդյունքում ժամկետային զինծառայողների կողմից ենթարկվել է դաժան ծեծի, ինչի հետևանքով իր մոտ սկսվել են գլխի սուր ծակոցեր և առաջացել տեսողության կորուստ:

Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻՊ գրասենյակը:

Ս. Մարգարյանը հայտնել է նաև, որ իրենք գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, այդ իսկ պատճառով չի կարողանում վճարել որդու տեսողությունը վերականգնելու համար պահանջվող մեկ միլիոն ՀՀ դրամ գումարը: 

Սուսաննա Մարգարյանի դիմումը Պաշտպանի աշխատակազմի կաղմից ընդունվել է քննարկման և համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն` առաջարկելով քննարկել Կ. Մարգարյանի բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրելու հնարավորության հարցը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Կարեն Մարգարյանին տրամադրել առողջարանի ուղեգիր համապատասխան բուժում ստանալու նպատակով, սակայն քանի որ երիտասարդի առողջական խնդիրն այնպիսին է, որ ենթակա չէ առողջարանային բուժման, Ս. Մարգարյանը որդուն անհրաժեշտ վիրահատության համար խնդրել է պահանջվող գումարը : 

Պաշտպանի աշխատակազմի հետևողականության և ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի հետ անմիջական համագործակցության արդյունքում Պաշտպանության նախարարության կողմից Ս. Մարգարյանին տրամադրվել է իր որդու` բուժումն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Քաղաքացիների անուն – ազգանունը փոխված է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել