ՔԿԱԳ մարմիններում ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծության գրանցման կարգը

ՔԿԱԳ մարմիններում ամուսիններից մեկի դիմումի հիման վրա ամուսնալուծությունը կատարվում է այն դեպքերում, եթե ամուսիններից մեկը`

– դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող.

– դատարանի կողմից ճանաչվել է անգործունակ.

– դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

 

Անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը նույնպես իրավունք ունի ՔԿԱԳ մարմին դիմում տալու նրա ամուսնալուծության մասին, եթե ամուսիններից մեկն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է անհայտ բացակայող, անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամանակով:

Ամուսնալուծությունն այն անձանց հետ, որոնք հանցագործություն կատարելու համար դատապարտվել են ազատազրկման ոչ պակաս, քան երեք տարի` կատարվում է ՔԿԱԳ մարմիններում՝ եթե դատապարտյալը պատիժը կրում է քրեակատարողական հիմնարկում:

Ամուսնալուծության մասին դիմումին կցվում է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պատճենը (քաղվածքը)` ամուսիններից մեկին անհայտ բացակայող կամ անգործունակ ճանաչելու մասին, ամուսիններից մեկին ոչ պակաս, քան երեք տարի ժամանակով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի պատճենը (քաղվածքը), ինչպես նաև ամուսնության վկայականը:

Անթույլատրելի է ընդունել այն դիմումները, որոնց անձին անգործունակ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի փոխարեն կցված են բժշկական տեղեկանքներ:

Դիմողը (եթե դրա մասին ինքը տեղյակ է) պետք է դիմումում նշի դատապարտված ամուսնու, անգործունակ ամուսնու խնամակալի բնակության վայրը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալի բնակության վայրը: 11. Դիմում ընդունող ՔԿԱԳ մարմինը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստացված դիմումի մասին տեղեկացնում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվող ամուսնուն կամ անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալին, ինչպես նաև անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալին կամ գույքի հավատարմագրային կառավարչին, իսկ նրանց բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնին:

Խնամակալության և հոգաբարձության մարմնին տեղյակ է պահվում ամուսնալուծության վերաբերյալ ստացված դիմումի, ամուսնալուծության պետական գրանցման ժամանակի և ամուսնալուծությունից հետո ընտրված ազգանվան մասին։

ՔԿԱԳ մարմինը դիմողին հայտնում է համապատասխան ծանուցում ուղարկելու, ինչպես նաև ծանուցման պատասխանը ստանալու համար նշանակված ժամկետի մասին:

Պատասխանը ստանալու համար նշանակված ժամկետը հաշվի առնելով, դիմողին առաջարկվում է ներկայանալ ՔԿԱԳ մարմին` ամուսնալուծությունը գրանցելու համար:

Ծանուցագրով սահմանված ժամկետում դատապարտյալից կամ անգործունակ ամուսնու խնամակալից (խնամակալության և հոգաբարձության մարմնից), անհայտ բացակայող ամուսնու գույքի նկատմամբ նշանակված խնամակալից պատասխան չստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը դիմողի ներկայությամբ գրանցում է ամուսնալուծությունը:

Եթե ՔԿԱԳ մարմինը ստացել է երեք տարուց ոչ պակաս ժամանակով ազատազրկման դատապարտված ամուսնու հետ ամուսնալուծվելու մասին դիմում, ապա դիմումի ստացման մասին ծանուցումը դատապարտյալին ուղարկելու հետ մեկտեղ ՔԿԱԳ մարմինը պետք է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին խնդրի նշանակված ժամկետում հաստատել, որ դատապարտյալը ծանուցում ստանալու պահին իսկապես գտնվում է քրեական պատիժն իրականացնող հիմնարկում, ինչպես նաև այն, որ նրան հանձնված է ՔԿԱԳ մարմնի ծանուցումը` ամուսնալուծության մասին ստացված դիմումի վերաբերյալ:

Դատապարտյալի քրեական պատիժն իրականացնող հիմնարկում գտնվելու մասին պատասխանը նշանակված ժամկետում չստացվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը հետաձգվում է, իսկ քրեական պատիժն իրականացնող հիմնարկի վարչակազմին ուղարկվում է հիշեցում:

Քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ծանուցման հետ միասին ՔԿԱԳ մարմնի կողմից ուղարկվում է նաև ամուսնալուծության մասին դիմումի պատճենը։ Եթե դատապարտյալը ամուսնալուծության մասին ծանուցման և դիմումի ստացման դեպքում հայտնում է ցանկություն իր կողմից ամուսնալուծություն գրանցելու համար, ապա իր կամքն արտահայտելով ամուսնալուծության մասին դիմումում, ստորագրում է այն, որը հաստատվում է քրեակատարողական հիմնարկի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ։

Մինչև ամուսնալուծության գրանցումը քրեական պատիժն իրականացնող հիմնարկից ամուսնու ազատվելու վերաբերյալ ՔԿԱԳ մարմնում տեղեկություն ստացվելու դեպքում` այդ մասին հաղորդվում է դիմողին, որի վերաբերյալ դիմումի վրա կատարվում է նշում: Այդ դեպքում ամուսնալուծությունը կատարվում է ընդհանուր կարգով, որը պարզաբանվում է դիմողին:

ՔԿԱԳ մարմինը պարզաբանում է ամուսնալուծվողներին, որ ամուսինն առանց կնոջ համաձայնության՝ նրա հղիության ընթացքում չի կարող ամուսնալուծության դիմում ներկայացնել։

Ամուսնալուծությունը գրանցելիս ամուսնուն՝ իր ցանկությամբ (իսկ անգործունակ ամուսնու նկատմամբ` նրա խնամակալի ցանկությամբ), տրվում է մինչամուսնական ազգանուն: Եթե դատապարտված ամուսինը հայտնում է, որ ամուսնալուծությունից հետո նա ցանկանում է ստանալ ամուսնալուծության վկայական՝ նոր ամուսնություն կնքելու նպատակով, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից սահմանված կարգով ամուսնալուծություն գրանցելուց հետո դատապարտյալի ամուսնալուծության վկայականն ուղարկվում է համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ այն դատապարտյալին հանձնելու համար։

Եթե ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ամուսնալուծություն է գրանցվել անհայտ բացակայող ճանաչված ամուսնու հետ, ապա նրա ի հայտ գալու և նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի բեկանման դեպքում, այդ ամուսինը կարող է դիմել ՔԿԱԳ տարածքային մարմին` ամուսնալուծության վկայական ստանալու խնդրանքով։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել