Արցախի Հանրապետությունում կարող է 50-1000 էթնիկ հայ մնացած լինել․ Ստեֆան Դյուժարիկ

Լեռնային Ղարաբաղում (Արցախի Հանրապետություն՝ խմբ․) էթնիկ հայերի թիվը, ըստ տարածաշրջանում մնացած մարդկանց, կարող է տատանվել 50-1000-ի սահմաններում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«ՄԱԿ–ի թիմը տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում (Արցախ՝ խմբ․) մնում է 50–ից մինչև 1000 էթնիկ հայ»,– ասել է նա:

Դյուժարիկը հավելել է, որ տարածաշրջան այցելության մեկ օրվա ընթացքում, որի ընթացքում համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները եղել են Ստեփանակերտում, ՄԱԿ-ի առաքելությունը քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացման որևէ նշան չի հայտնաբերել՝ այդ թվում դպրոցների, հիվանդանոցների՝  չնայած բոլոր խանութները փակվել են:

«Նրանք չեն լսել խաղաղ բնակիչների նկատմամբ բռնության մասին որևէ հաղորդում վերջին հրադադարից հետո: Նրանք չեն հայտնաբերել սատկած անասուններ կամ ընտանի կենդանիներ կամ գյուղատնտեսական ենթակառուցվածքների ոչնչացում», – ավելացրել է նա:

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի թիմն ավարտել է իր այցը Ղարաբաղ (Արցախ՝ խմբ․), սակայն շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ՝ տարածաշրջանում իրավիճակը վերահսկելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել