Հայաստանի ՀՆԱ-ի մեջ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտը զգալի տեղ է զբաղեցնում

2021 թ.-ին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի մասնաբաժինը ՀՀ ՀՆԱ-ի մեջ կազմել է 6.1%՝ աճելով 2.5 տոկոսային կետով 2019 թ.-ի համեմատությամբ: Ոլորտի կողմից ստեղծված ՀՆԱ-ն 2021 թ.-ին կազմել է 386.5 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով մոտ 66%-ով նախորդ տարվա նկատմամբ:

Այս մասին նշվում է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությամբ և հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության գործողությունների պլանում (մինչև 2035 թվականը)։

Պետության եկամուտներ

Ըստ ՊԵԿ պաշտոնական վիճակագրության՝ 2020 թ.-ին մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների կողմից պետական բյուջեի նկատմամբ հաշվարկված հարկերը և վճարները կազմել են 82.2 մլրդ ՀՀ դրամ՝ աճելով մոտ 3.5%-ով նախորդ տարվա նկատմամբ (տվյալները չեն ներառում ԱԱՀ-ի գծով պետության եկամուտները):

2016-2019 թ.-ի ընթացքում մետաղական օգտակար հանածոների արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների կողմից պետական բյուջեի նկատմամբ հաշվարկված հարկերի և վճարների մեջ ամենամեծ մասնաբաժինը ունեցել է ռոյալթին` միջինում 52%: Էական մասնաբաժին են ունեցել նաև եկամտային հարկը և շահութահարկը:

2020 թ.-ին ոլորտից պետության եկամուտների կեսից ավելին գեներացվել է «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից վճարված հարկերից և վճարներից: Վերջինիս կողմից պետությանը վճարվող հարկերի ծավալները շարունակաբար աճել են 2016-2019 թթ.-ի ընթացքում տարեկան միջինում 33% աճի տեմպով, սակայն 2020 թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ գրանցել են նվազում մոտ 8.3%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է հաշվեգրված եկամտային հարկի ծավալների կրճատումով:

Հավելենք, որ այս տարվա հուլիսին Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 2023 թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը տարիներ շարունակ գլխավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը վերջին ժամանակահատվածում զիջել էր իր տեղը «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, կրկին առաջինն էր։ ԶՊՄԿ-ն՝ ՊԵԿ տվյալներով, վճարել էր 34․795․243 դրամ։

Մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ոլորտից պետական բյուջեի եկամուտները 2016-2020 թթ.-ի ընթացքում կազմել են բյուջեի ընդհանուր եկամուտների միջինում 5.1%-ը կամ 69 մլրդ ՀՀ դրամ:

Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման ոլորտից պետության եկամուտները 2021 թ.-ին կազմել են 6.8 մլրդ ՀՀ դրամ, ինչը 24%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից (տվյալները չեն ներառում ԱԱՀ-ի գծով պետության եկամուտները):

Ստորերկրյա ջրեր արդյունահանող ընկերությունների կողմից պետական բյուջե վճարած հարկերի և վճարների ծավալը 2019 թ.-ին կազմել է 3.8 մլրդ ՀՀ դրամ՝ գրանցելով 10.8% աճ նախորդ տարվա նկատմամբ: Եկամուտների մեծ մասը կազմել են եկամտային հարկը և ակցիզային հարկը։

Զբաղվածություն

Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում զբաղվածների քանակը 2021 թ․-ին կազմել է 10․5 հազար մարդ, 2020 թ.-ին՝ 11.9 հազար մարդ, 2019 թ.-ին՝ 8.7 հազար մարդ: Արդյունաբերության մեջ հանքագործական արդյունաբերության ոլորտի զբաղվածության մասնաբաժինը դիտարկված ժամանակահատվածի ընթացքում կազմել է միջինում մոտ 7%:

2021 թ.-ին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում միջին ամսական աշխատավարձը կազմել է 499,603 ՀՀ դրամ՝ աճելով նախորդ տարվա նկատմամբ 9․7%-ով։ Համեմատած 2016 թ.-ի հետ, ոլորտում միջին ամսական աշխատավարձը աճել է ավելի քան 43%-ով:

Ընդհանուր առմամբ, դիտարկված ժամանակահատվածում ոլորտի միջին ամսական աշխատավարձը եղել է միջինում մոտ 2.4 անգամ ավելի բարձր ՀՀ միջին ամսական աշխատավարձից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել