Գտնված երեխայի ծննդյան ակտի պետական գրանցումը

Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում:

Երեխայի ծննդյան մասին հայտարարության հետ պետք է ներկայացվի երեխայի ծնունդը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև ծնողների (ծնողներից մեկի) կամ դիմողի անձը հաստատող, երեխայի ծննդի ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկություններ լրացնելու համար հիմք համարվող փաստաթղթեր:

Իսկ ինչպե˚ս է կատարվում գտնված(ընկեցիկ) երեխայի ծննդյան ակտի պետական գրանցումը:
«Երեխային գտած անձը այդ մասին 48 ժամվա ընթացքում պարտավոր է հայտարարություն տալ երեխայի գտնվելու վայրի ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմին»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:

Իրավաբանի խոսքով` ոստիկանության, խնամակալության և հոգաբարձության մարմինները, դաստիարակչական ու բժշկական, ազգաբնակչության սոցիալական պաշտպանության կամ նմանատիպ այլ կազմակերպություններ պարտավոր են երեխայի գտնվելուց հետո` յոթ օրվա ընթացքում, հայտարարել գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման մասին:

Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի պետական գրանցման հայտարարության հետ պետք է ներկայացվեն՝
ա) երեխային հայտնաբերելու մասին փաստաթուղթ՝ տրված ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից` նշելով երեխային հայտնաբերելու ժամանակը, տեղը և հանգամանքները.

բ) երեխայի տարիքն ու սեռը հաստատող փաստաթուղթ` տրված բժշկական կազմակերպության կողմից:

Գտնված (ընկեցիկ) երեխայի անվան, հայրանվան և ազգանվան մասին տեղեկությունները նրա ծննդի ակտի գրառման մեջ լրացվում են ոստիկանության կամ խնամակալության և հոգաբարձության մարմի ցուցումով:

Գտնված (ընկեցիկ) երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկություններ չեն լրացվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել