Ե՞րբ կարող է զինծառայողը զենք գործադրել

Զինծառայողները, զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ծառայությունից դուրս ժամանակ ունեն զենք պահելու, կրելու, գործադրելու և օգտագործելու իրավունք: Զինծառայողի կողմից զենքը պահելու, կրելու կանոնները և գործադրելու կարգը սահմանվում են ՀՀ Զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքով:

Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
– պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
– զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
– զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով.
– հանցագործություն կատարած կամ ծանր հանցագործության կատարման պահին բռնված և զինվածդիմադրություն ցույց տվող անձին, ինչպես նաև զենքը հանձնելու օրինական պահանջը կատարելուց հրաժարվողզինված անձին մեկուսացնելիս, եթե այլ եղանակով ու միջոցներով հնարավոր չէ ճնշել դիմադրությունը կամ առգրավել զենքը:

Պահակախմբի անձնակազմի մեջ մտնող զինծառայողներն իրավունք ունեն զենք գործադրել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքով սահմանված դեպքերում ու կարգով:

Հրամանատարը (պետը) դրանից բացի իրավունք ունի անձամբ զենք գործադրել կամ հրամայել զենք գործադրելու կարգապահության և կարգուկանոնի վերականգնման համար ենթակայի բացահայտ անհնազանդության դեպքում, երբ չհնազանդվողի գործողությունները բացահայտորեն ուղղված են հայրենիքի դավաճանությանը կամ մարտական պայմաններում մարտական առաջադրանքի խափանմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել