«Նա ազնվագույն մարդ է»․ Ռուբեն Հովհաննիսյանը՝ Վահագն Վերմիշյանի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ սեպտեմբերի 26-ին, տեղի է ունեցել Ստեփանավան քաղաքի նախկին գլխավոր ճարտարապետ, Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով նիստը։

Նիստին ներկա էր նաև մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը, ով դրա ավարտից հետո պատասխանել է Iravaban.net-ի հարցերին։

Նա նշեց, որ Վահագն Վերմիշյանն իր ընկերն է, իր բարեկամն է՝ «բառի բուն իմաստով»։ Հովհաննիսյանի խոսքով՝ Վերմիշյանն ազնվագույն մարդ է, ով ամբողջությամբ նվիրված է իր աշխատանքին։

«Մեղադրանքները, որոնք վերաբերվում են իր «անազնվությանը», ինձ համար ծիծաղելի են։ Երևանյան բարբառով ասեմ․ ինքը շատ կոշտ տղայա։ Կուշտ տեսածով և ստամոքսով։ Չեմ հավատում մինչև հիմա և չեմ էլ հավատալու, որ ինքը կարող էր նման գործարքների մեջ մտներ։ Իր նպատակը այլ է եղել․ ծառայել ժողովրդին, ծառայել Երևանին, հայրենիքին»,-նշեց Ռուբեն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝  Վերմիշյանին մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Գործն այժմ քննվում է Վերաքննիչ քրեական դատարանում։ Վերաքննիչ բողոք ներկայացրած բոլոր ամբաստանյալները պահանջում են ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը և հռչակել նրանց անմեղությունը։ Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով արդարացում է պահանջում։

Մեկ այլ գործ էլ Վճռաբեկ դատարանի վարչական պալատում է։ Վարչական վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ Կառավարությունը 50 միլիոն դրամ պետք է վճարի Վահագն Վերմիշյանին։ Կառավարությունը Վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը վարույթ է ընդունվել 2023-ի օգոստոսի 14-ին։ Նախագահող և զեկուցող դատավոր է նշանակվել Ռուզաննա Հակոբյանը։ Օգոստոսի 31-ին Վճռաբեկ դատարանը Սահմանադրական դատարան դիմելու որոշում է ընդունել։ Նույն օրը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում է կայացվել։

ՍԴ դիմելու վերաբերյալ Iravaban.net-ը զրուցել է աշխատանքային իրավունքի փորձագետ Մարատ Ատովմյանի հետ։

Փորձագետի խոսքով՝ օրենսդիրը հստակ սահմանել է, որ, այսպես կոչված, հատուկ օրենքների դեպքում դատարանը պետք է կիրառի օրենքներում առկա կարգավորումները․ «Դատական պրակտիկայում այս հարցերը առաջանում են՝ դատարանը պետք է կիրառի Աշխատանքային օրենսգիրքը, թե՞ օրենքը»։

Միևնույն ժամանակ փորձագետը նշում է՝ մեկ անգամ չէ, որ Վճռաբեկ դատարանը նման բնույթի գործերով որոշումներ է կայացրել և կիրառել  Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը։ Այդ ժամանակ որևէ մեկի մոտ հարց չի առաջացել, որ այն կարող է հակասել Սահմանադրությանը։ Բացի այդ, ընթերցելով նշված հոդվածի բովանդակությունը և Վճռաբեկ դատարանի վկայակոչած Սահմանադրության հոդվածները, հարց է առաջանում, թե ինչպիսի՞ իրավական խնդիր են տեսել այստեղ Վճռաբեկ դատարանի դատավորները։

Փորձագետը ենթադրում է, որ ՍԴ-ն գործը վարույթ է ընդունել մեկընդմիշտ հարցը կարգավորելու համար և համոզված է՝ Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը դատարանը համարելու է Սահմանադրությանը համապատասխանող։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել