Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամը և սեպտեմբերի 19-ից ստեղծված իրադրությունը՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին՝ առաջարկելով իրենց ջանքերն ուղղել Լեռնային Ղարաբաղի բնակչության օգնության կազմակերպմանը:
Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Մասնավորապես, առաջարկվել է դիտարկել բուհերի ուսանողներին և աշխատակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ձևավորված կամավորների շտեմարաններում ընդգրկելու հնարավորությունը: Ըստ այդմ, ուսանողները կարող են ներգրավվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին անհրաժեշտ սոցիալական աջակցության տրամադրման համար իրականացվող գործընթացներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ կարգի աջակցությունից մինչև մասնագիտական աջակցության աշխատանքներ:
Առաջարկվել է նաև միջազգային համապատասխան կառույցներին (գործընկեր բուհեր, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների միջազգային միջպետական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ, ուսանողական ասոցիացիաներ և այլն) Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տրամադրել օբյեկտիվ և համապարփակ տեղեկատվություն՝ մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների պաշտպանության առումով միջազգային իրազեկվածության բարձրացման և դրանով իսկ հնարավոր սպառնալիքների կանխարգելման համար:
ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ մի շարք բուհեր արդեն սկսել են հավաքագրել կամավորական աշխատանքներում ներգրավվելու ցանկություն ունեցող ուսանողներին՝ այդ աշխատանքները կազմակերպելու համար։
«Գիտակցում ենք, որ ուսանողության ջանքերը շատ կարևոր են ու այդ օգնությունն էական կլինի: Բուհերն արդեն արձագանքել են նախարարության շրջաբերական նամակին: Բուհերում հավաքագրվում են ուսանողներ և փորձելու են մասնագիտական աջակցություն ցուցաբերել: Համագործակցում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ ճշգրտելով անհրաժեշտ աջակցության և կամավորական աշխատանքների շրջանակը, որոնք տարատեսակ բնույթի են: Տեղում արդեն յուրաքանչյուր կամավորի համար աշխատանքները կվերաբաշխվեն, և դրանք համակարգված կընթանան»,- ասել է Լուսինե Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ դեռ երեկվանից Գորիսում մեր հայրենակիցների ընդունման աշխատանքներում որպես կամավոր ներգրավվել են Գորիսի պետական համալսարանի բազմաթիվ ուսանողներ: Նրանք պետական մարմիների հետ՝ Կարմիր խաչի աջակցությամբ, իրականացնում են որոշակի աշխատանքներ՝ հիմնականում գույքագրելով մարդկանց կարիքները և կատարելով տվյալների մուտքագրում:
Նախարարության հորդորին միացել է նաև Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը, որն իր մասնագիտական գործունեության հիմնական գերակա ուղղությունների շրջանակում կիրականացնի Լեռնային Ղարաբաղից տարհանված մեր հայրենակիցների աջակցությանն ուղղված ծրագրեր և ծառայություններ:
ՀՊՄՀ ռեկտորի խորհրդական, Մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանի խոսքով՝ ձևավորվել է երկու խումբ՝ կազմված ուսանողներից և դասախոսական անձնակազմից: Ուսանողներից կազմված խմբերում նախևառաջ ընդգրկվել են մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսերում սովորողներ, որոնց հիմնական մասն արդեն նաև աշխատում է մասնագիտությամբ ու ունի բավականաչափ փորձառություն:
«Ուսանողները նախևառաջ կկատարեն հանրօգուտ, այսինքն իրավիճակից բխող աշխատանքներ, որոնք կուղղորդվեն կազմակերպիչների և պատկան մարմինների կողմից: Կարող են իրականացնել նաև ուսումնական գործընթաց, դասապատրաստումներ, ինչպես նաև որոշակի արտադպրոցական ժամանցի կազմակերպում դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար: Ուսանողների հետ իրականացվել են վերապատրաստման աշխատանքներ, որոնք միտված են եղել իրազեկելու և ուղղորդելու, թե ինչ աշխատանքներ իրենք կարող են կատարել բռնի տեղահանված մեր հայրենակիցների, երեխաների ու նրանց ընտանիքների հետ: Ուսանողները նաև կարող են հոգեբանական, ոչ խորը մասնագիտական ծառայություններ մատուցել՝ մեթոդիկաների, խաղերի, թրեյնինգների տեսքով»,- ասում է Հակոբ Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է դասախոսական անձնակազմից և վարչական աշխատակիցներից կազմված խմբերին, ապա նրանք նաև նեղ մասնագիտական աշխատանքներ կիրականացնեն, հատկապես հոգեբանական ծառայություններ:
«Շատ կարևոր ուղղություն ենք համարում նաև մասնագիտական կարիքի գնահատումը հոգեբանական աջակցության տեսանկյունից: Մեր այն աշխատակիցները, որոնք փորձ ունեն աշխատելու արտակարգ իրավիճակներում, ռազմական դրության պայմաններում՝ վիրավորների, հաշմանդամների հետ, ըստ կարիքի կգործուղվեն հենց այդ թիրախային խմբերի հետ աշխատելու»,- նշում է Հակոբ Թադևոսյանը:
Կամավորական խմբեր են ձևավորվում նաև Երևանի պետական համալսարանում: Մասնավորապես, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում գործում է տեղեկատվական կենտրոն, որտեղ ձևավորվում են կամավորական խմբեր՝ աշխատելու տարբեր ուղղություններով՝ հումանիտարից մինչև տեղեկատվական։ Ակնկալվում է ձևավորել աշխատանքային խմբեր 6 ուղղությամբ՝ կացարանների բանկ, հումանիտար աջակցություն և լոգիստիկ հարցեր, իրավական հարցեր, հոգեբանական աջակցություն, տեղեկատվական կենտրոն, փաստահավաք խումբ։
Ձևավորվող համապատասխան խմբերից մեկը զբաղվելու է Արցախից մեր հայրենակիցների ժամանման ընթացքում անհրաժեշտ աջակցության կազմակերպման և համակարգման հարցերով: Աշխատելու են առանձին խմբեր, որոնք կզբաղվեն իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրմամբ և դասակարգմամբ, միջազգային մամուլի և սոցիալական հարթակների մշտադիտարկմամբ, այդ թվում՝ Արցախում ադրբեջանական ագրեսիային վերաբերող փաստերի հավաքագրմամբ։
Կամավորների հավաքագրման աշխատանքներ սկսելու մասին հայտարարություններով են հանդես եկել նաև բարձրագույն ուսումնական մյուս հաստատությունները, որոնց աշխատանքին կանդրադառնանք հաջորդիվ: