Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին:  

Վարչապետը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար դժվարին իրավիճակում պարոն Փիթերսի այցը Հայաստան և ընդգծել ԱՄՆ աջակցության կարևորությունը` ստեղծված խնդիրների հաղթահարման գործում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ առկա սերտ փոխգործակցությունը, այդ թվում` մեր երկրում ժողովրդավարության ամրապնդման, բարեփոխումների արդյունավետ իրականացման և այլ ուղղություններով:  

 Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

 Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել