Ե՞րբ կարող է հայտարարվել բույսերի կարանտին

Հայաստանի Հանրապետության տարածքում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմների հայտնաբերման, վերացման և տարածման կանխարգելման նպատակով տեսչության իրականացրած մոնիթորինգի և դրա արդյունքում տրված եզրակացության հիման վրա լիազոր մարմինը կարանտին սահմանելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Բույսերի կարանտինը սահմանվում է հանրապետության, մարզի, համայնքի, բնակավայրերի կամ կազմակերպության տարածքում կամ դրանց մի մասում:

Եզրակացության մեջ նշվում են հայտնաբերված վնասակար օրգանիզմները, դրանց տարածման աստիճանը, հնարավոր վնասի գնահատումը, կարանտինի սահմանները, առաջարկվող միջոցառումների ցանկը, դրանք իրականացնող մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձանց մասնակցությունը կարանտին միջոցառումներին:

Լիազորված մարմնի որոշմամբ ստեղծվում է ժամանակավոր աշխատանքային խումբ, որտեղ ընդգրկվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Լիազորված մարմինը հաստատում է կարանտին միջոցառումների ցանկը:

Բույսերի կարանտին սահմանման դեպքում արգելվում և սահմանափակվում է բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների արտածումը, ինչպես նաև դրանց հետ առնչվող փոխադրամիջոցների ելքն ու մուտքը կարանտին գոտի:

Հայաստանի Հանրապետության տարածքում կարանտին վնասակար օրգանիզմների տարածումը կանխելու նպատակով տեսչության տարածքային ստորաբաժանումը կարանտին գոտում վերահսկողություն է իրականացնում կարանտին վնասակար օրգանիզմների ոչնչացման և կարգավորվող առարկաների վարակազերծման բուսասանիտարական միջոցառումների անցկացման նկատմամբ:

Բույսերի կարանտին սահմանված գոտիներից բույսերի և բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտահանումը կատարվում է տեսուչի հսկողության ներքո:

Առանց բուսասանիտարական հավաստագրի կամ բուսասանիտարական անձնագրի առկայության արգելվում է կարանտին սահմանված գոտուց սերմերի, տնկանյութի արտածումը: Առանց հավաստագրի և առանց բուսասանիտարական անձնագրի արտածված ապրանքները ենթակա են վարակազերծման, անհրաժեշտության դեպքում՝ ոչնչացման:

Արգելվում է կարանտին գոտում առանց տեսչության տված ակտի, չհետազոտված, կարանտին վնասակար օրգանիզմներով, ինչպես նաև վարակված բազմամյա տնկարկներին հարող տարածքներում տնկարանի հիմնումը և չհետազոտված տարածքներից պատվաստակալների և պատվաստացուների մթերումը:

Յուրաքանչյուր տնկարանային տնտեսություն պարտադիր պետք է ունենա կարանտին հսկողության մատյան` աճեցված և իրացված տնկանյութի կարանտին հետազոտությունների արդյունքները և կարանտին վնասակար օրգանիզմների բացակայության, պարտադիր կատարման միջոցառումների վերաբերյալ տեղեկությունները գրանցելու համար:

Բուսասանիտարական վերահսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի, սերմերի և տնկանյութի արտադրությամբ, մթերմամբ, փոխադրմամբ, պահեստավորմամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումները կազմակերպում և անցկացնում են տեսչության անմիջական հսկողության ներքո.

Տեսուչը ստուգում է բուսասանիտարական անձնագրի առկայությունը և բեռի համապատասխանությունը բուսասանիտարական անձնագրի տվյալներին:

Եթե բուսասանիտարական զննումից և (կամ) ստուգումից և (կամ) փորձաքննությունից պարզվել է, որ արտադրողի արտադրած, օգտագործած կամ պահեստավորած բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների որոշակի խմբաքանակ առողջ է և վնասակար օրգանիզմների տարածման վտանգ չի ներկայացնում, ապա բուսասանիտարական անձնագիրը լրացվում է միայն տվյալ խմբաքանակի համար:

Եթե կարանտին վնասակար օրգանիզմներով վարակումը հայտնաբերված է, ապա տեսչությունը տվյալ արտադրական տարածքում, շենքերում, պահեստներում, փոխադրամիջոցներում հայտնաբերված բույսերի, բույսերի մասերի կամ այլ վարակակիրների նկատմամբ սահմանում է կարանտին` անհրաժեշտության դեպքում վարակազերծում կամ ուղարկում վերամշակման, ոչնչացնում` միայն էկոլոգիապես անվտանգ եղանակով, համայնքի ղեկավարի հատկացրած վայրում ու նշանակված ներկայացուցչի մասնակցությամբ, և կազմում է լիազոր մարմնի հաստատած ձևի ակտ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել