Իրավաբանական անձի գոյությունը դադարում է նրա լուծարմամբ` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Իրավաբանական անձի լուծարման գործընթացն ավարտվում է պարտադիր պետական գրանցմամբ:
Լուծարման պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից գրանցված իրավաբանական անձանց լուծարման դեպքերի (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և այլն):
Մինչ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցում կատարելը իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ օրենքով կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված մարմինը կամ նրանց լիազորած անձը Գործակալությանը տեղեկացնում են լուծարման գործընթացում գտնվելու մասին՝ կից ներկայացնելով իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշումը: Գործակալությունը, հիմք ընդունելով իրավաբանական անձի կողմից ներկայացված եղեկությունները, https://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում իրավաբանական անձի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Ընդ որում, այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած լուծարման մասին հայտարարության հրապարակման պահից, որին հաջորդում է սահմանված կարգով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցումը: Իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին դիմումը կազմվում է տեղում՝ Գործակալության աշխատակցին ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկություների հիման վրա կամ էլեկտրոնային տարբերակով՝ համացանցի միջոցով: Նույն կերպ է ներկայացվում նաև իրավաբանական անձի լուծարման դիմումը:
Իրավաբանական անձը կարող է լուծարվել`
ա) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ` ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.
բ) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
գ) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության հետևանքով:
Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են`
1) դիմում.
2) իրավաբանական անձի լուծարման մասին իրավասու մարմնի որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն տեղակայելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես դրանք սահմանված են «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
4) եթե դիմումը ներկայացնում է լիազորված անձը, ներկայացվում է նաև նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթ:
Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է Գործակալություն թղթային կրիչի վրա՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա լուծարման պետական գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:
Իրավաբանական անձի լուծարման դեպքում պետական տուրք չի գանձվում: