Ալիմենտային պարտավորությունների առաջացումը միշտ էլ հետևանք է ընտանիքի անդամների միջև նորմալ ընտանեկան կապերի խախտման, երբ պարտավոր անձը խուսափում է ընտանիքի անդամին կամ օրենքի ուժով սահմանված այլ անձին խնամելու պարտականությունները կատարելուց: Ալիմենտային պարտավորությանը բնորոշ են հետևյալ հատկանիշները.
1. Երկու անձանց որոշակի ընտանեկան-իրավական հարաբերությունների մեջ գտնվելը կամ այնպիսի այլ հարաբերությունների մեջ գտնվելը, որի հետ օրենքը կապում է ալիմենտային պարտավորությունների առաջացման հնարավորություն,
2. նրանցից մեկի անաշխատունակության վրա հիմնված կարիքավորությունը,
3. ալիմենտ ստացողին նյութական օգնություն ցույց տալու պարտավոր անձի հնարավորությունը,
4. անձանց միջև բնական ընտանեկան կապերի խախտումը:
«Ալիմենտային պարտավորություններ կարող են առաջանալ հետևյալ անձանց միջև.
1. ծնողների ու զավակների միջև,
2. ամուսինների և նախկին ամուսինների միջև,
3. պապի, տատի և թոռների միջև,
4. եղբայրների ու քույրերի միջև,
5. փաստացի խնամողների ու սաների միջև,
6. խորթ ծնողների ու խորթ զավակների միջև» – նշում է «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի ավագ փաստաբան Կարեն Հովհաննիսյանը: