Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ տեսակ է, որն առավելապես ներդաշնակ է ագրոէկոհամակարգերին և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի և նորմատիվ այլ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական`
1) արտադրանքը պետք է ուղեկցվի արտահանող երկրի իրավասու մարմնի տրամադրած սերտիֆիկատով և պարունակի Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ներմուծվող օրգանական գյուղատնտեսական սննդամթերքն ուղեկցող օրգանական սերտիֆիկատի ձևով սահմանված ամբողջ տեղեկատվությունը.
2) սննդամթերքը, դեղաբույսերը, տեխնիկական, կերային և ուտելի բույսերը պետք է մակնշված և պիտակավորված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, միջպետական համաձայնագրերին, իսկ դրանց բացակայության դեպքում` միջազգային կամ միջպետական ընդունված պահանջներին և նորմերին համապատասխան.
3) ներմուծողը (մատակարարը) օրգանական սերտիֆիկատի բնօրինակը պետք է պահպանի առնվազն 2 տարի:
Եթե ներմուծվող օրգանական գյուղատնտեսական մթերքը համաձայն «Բուսասանիտարիայի մասին» ու «Անասնաբուժության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ենթարկվել է կարանտին այնպիսի միջոցառումների, որոնք համատեղելի չեն օրգանական գյուղատնտեսական սննդամթերքին ներկայացվող պահանջներին, ապա ներմուծվող խմբաքանակը կորցնում է օրգանական գյուղատնտեսական սննդամթերք համարվելու կարգավիճակը:
Ներմուծվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքի վերաբերյալ լիազոր մարմինը իրավասու է՝
1) պահանջելու տեղեկատվություն այն նյութերի, միջոցների և մեթոդների մասին, որոնք կիրառվել են արտահանող երկրում, եթե բացակայում են վերը նշված փաստաթղթերը.
2) սպառողների շրջանում մոլորության բացառման նպատակով պահանջելու, որ արտահանող երկրում օրգանական գյուղատնտեսական սննդամթերքը, դեղաբույսերը և ուտելի բույսերը մակնշվեն և պիտակավորվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետությունից արտահանվող օրգանական գյուղատնտեսական արտադրանքը պետք է համապատասխանի ներմուծող երկրի օրենսդրությամբ սահմանված նորմերին, իսկ դրանց բացակայության դեպքում` համապատասխան միջազգային կամ միջպետական ստանդարտներին և նորմերին: