Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը․ Ադրբեջանական կողմի հայտարարությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմը հայտարարությամբ է հանդես եկել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հրավերով 2023 թվականի սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում Ղարաբաղի հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու Ռամին Մամեդովը հանդիպում է ունեցել Արցախի ներկայացուցիչների՝ Սերգեյ Մարտիրոսյանի և Դավիթ Մելքումյանի հետ։

Հանդիպմանը, որն անցել է կառուցողական և դրական մթնոլորտում, քննարկումներ են ծավալվել ենթակառուցվածքների վերականգնման, Ադրբեջանի Սահմանադրության և օրենքների հիման վրա Ղարաբաղում ապրող հայ բնակիչների վերաինտեգրման վերաբերյալ։

Նախատեսվում է առաջիկայում վառելանյութ մատակարարել՝ ապահովելով մանկապարտեզների և դպրոցների ջեռուցումը, ինչպես նաև շտապ բուժօգնության և հրդեհաշիջման կարիքներքվ ապահովել, տրամադրել՝ մարդասիրական աջակցություն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել հաջորդ հանդիպումը»։

Նշենք, որ Արցախի Հանրապետությունը պաշտոնական հայտարարություն դեռ չի տարածել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ԼՂ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ․ «Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման, իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսագործունեության ապահովման հարցերը, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, կքննարկվեն տեղի հայ բնակչության և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ 2023թ․ սեպտեմբերի 21-ին Եվլախում կայանալիք հանդիպմանը և դրան հաջորդած հանդիպումներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել