Ապահովագրական ընկերությունը ապահովագրական հատուցումը վճարում է ապահովագրական հատուցումը վճարելու մասին որոշումն ընդունելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ ապահովագրական հատուցումը պարբերական վճարումների ձևով իրականացվելու դեպքում` ընկերության կանոններով սահմանված ժամկետներում: Սույն մասով սահմանված ժամկետը (ժամկետները) իր մեղքով չպահպանելու դեպքում ապահովագրական ընկերությունը տուժողին կամ նրա իրավահաջորդին վճարում է հատուցման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով տույժ՝ կետանցված յուրաքանչյուր օրվա համար:
Անձի առողջությանը պատճառված վնասի համար ապահովագրական հատուցումը վճարվում է անմիջապես բժշկական հաստատությանը, բացառությամբ սույն օրենքով կամ ապահովագրական ընկերության կանոններով նախատեսված դեպքերի:
Եթե ավտոտրանսպորտային միջոցի օգտագործմամբ անձի առողջությանը պատճառվել է վնաս և նրան անհրաժեշտ է բժշկական օգնություն ցուցաբերել (նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն), և եթե նրա` բժշկական հաստատություն դիմելու օրվանից հետո` 2 ամսվա ընթացքում, դեռևս որոշում չի կայացվել նրան ապահովագրական հատուցում վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին, ապա ընկերությունը տուժողի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա վճարում է բժշկական օգնության հետ կապված ծախսերը՝ նրա հետ համաձայնեցրած չափով և կարգով:
Նշենք, որ ընկերությունը վճարում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված բժշկական օգնության հետ կապված ծախսերը:
Իրավաբան.net