Մարդու իրավունքների պաշտպանը՝ ամփոփելով մարդու իրավունքների վիճակի առնչությամբ աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման արդյունքները, արձանագրում է` Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի ու ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է հումանիտար աղետ:
Մասնավորապես՝
- Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում (ներառյալ երեխաներ),
- Բազմաթիվ մարդկանց ճակատագրերի վերաբերյալ տեղեկություններ չկան, նրանց թվում են՝ կանայք, երեխաներն ու տարեցները,
- Ընտանիքները բաժանված են: Ադրբեջանական հրետակոծությունների պատճառով մարդիկ ստիպված լքել են իրենց տներն ու բնակավայրերը,
- Խափանված է կապը ինչպես Լեռնային Ղարաբաղի ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ,
- Կաթվածահար է եղել առողջապահական համակարգը, մարդիկ զրկված են նույնիսկ առաջին բուժօգնություն ստանալու հնարավորությունից,
- Մարդկանց հիմնարար իրավունքները համատարած խախտվում են, այդ թվում՝ խաղաղ պայմաններում արժանապատիվ ապրելու, երեխաների կրթություն ստանալու, առողջության պահպանման և այլն:
Ադրբեջանն իրագործում է ցեղասպան քաղաքականություն: Այդ երկրի զինված ուժերի գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, ԶԼՄ-ների հրապարակումները, ինչպես նաև սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի գրառումները բացահայտ վկայում են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու ադրբեջանական իշխանությունների մտադրության մասին։
Մշտադիտարկման գործընթացը ՄԻՊ աշխատակազմը շարունակում է: