Աշխատանք փնտրող անձինք իրավունք ունեն՝
1) զբաղվածության պետական ծառայությունից անվճար ստանալու բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության և բնակչության զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրերի վերաբերյալ անվճար խորհրդատվության.
2) զբաղվածության պետական ծառայությունում գրանցված թափուր աշխատատեղերի վերաբերյալ անվճար տեղեկությունների ստացման, հարմար աշխատանքի ընտրության և տեղավորման անվճար միջնորդության.
3) վարձատրվող հասարակական աշխատանքներին մասնակցության.
4) զբաղվածության պետական ծառայության պաշտոնատար անձանց և գործատուների գործողությունների և անգործության վերադասության կամ դատական կարգով բողոքարկման:
Աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամ անձինք իրավունք ունեն նաև անվճար մասնագիտական ուսուցման, աշխատանքային ունակությունների վերականգնման և աշխատանքի տեղավորման, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով ֆինանսական աջակցության, արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության և մասնակի կենսաթոշակ ստացող աշխատանք փնտրող չզբաղված անձինք` վերամասնագիտացման, իսկ գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր հանդիսացող աշխատանք փնտրող անձինք` մասնագիտական ուսուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Գործազուրկները, հոդվածում նշված իրավունքներից բացի, իրավունք ունեն նաև՝
1) անվճար վերամասնագիտացման և որակավորման բարձրացման (մասնագիտական կրթություն և որակավորում ունեցողները), անվճար նախնական մասնագիտական պատրաստման և արհեստագործական ուսուցման (մասնագիտական կրթություն և որակավորում չունեցողները), որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
2) ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար ֆինանսական աջակցության, որի տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: