Ինչպե՞ս կարող եք գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ձևերից մեկը անձի՝ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելն է:

Անհատ ձեռնարկատեր լինելու պարտադիր նախապայման է օրենքով սահմանված կարգով պետական հաշվառում ունենալը, որի արդյունքում անձը հնարավորություն է ստանում իր ռիսկով, իր անունից և սեփական միջոցներով զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ՝ առանց իրավաբանական անձ ստեղծելու:

Անհատ ձեռնարկատերը պետք է գիտակցի և տեղեկացված լինի, որ վերջինս իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Անհատ ձեռնարկատեր կարող է լինել ցանկացած գործունակ անձ (ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ), ում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքը օրենքով սահմանափակված չէ: Մասնավորապես, անձը չի կարող հաշվառվել որպես անհատ ձեռնարկատեր, եթե նա դատական կարգով զրկվել է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ կամ անձը դատական կարգով ճանաչվել է սնանկ, և պետական հաշվառման դիմում տալու պահին չի կատարել սնանկ ճանաչելու համար հիմք հանդիսացած իր պարտավորությունները:

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) ցանկացած սպասարկման գրասենյակի կողմից՝ անկախ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության վայրից:

Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը Գործակալություն է ներկայացնում
– անձնագիր (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է) և պատճենը,
– պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն):

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համար անհրաժեշտ դիմումը պատրաստվում է Գործակալության աշխատակցի կողմից՝ հիմք ընդունելով անձի կողմից ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերը: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա հաշվառումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.am պաշտոնական կայքի միջոցով:

Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:

Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

Անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման տուրքը կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝ 900005160750:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել